Էրդողանը մեկ ծրագիր ունի՝ «Զանգեզուրի միջանցք»․ Վիկտոր Նադեին-Ռաևսկի
25 Սեպտեմբերի 2024, 22:20
Արևելագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Այս հանդիպումից միայն մեկ եզրակացություն կա. Էրդողանը շարունակելու է համաձայնություն փնտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպես Փաշինյանն ասաց, տեքստի 80 տոկոսն արդեն պատրաստ է, իսկ մնացածը նա համաձայնեցնում է։ Խոսքն, իհարկե, այդ մասին էր։ Բայց Փաշինյանին, իհարկե, հետաքրքրում էր սահմանների բացման հարցը, սակայն հանդիպման արդյունքում սահմանների մասին ոչինչ չասվեց։
Այսպիսով, ըստ ամենայնի, սա դեռ պատմության ավարտը չէ։ Այս բանակցությունները միանշանակ շարունակվելու են։ Էրդողանը մեկ ծրագիր ունի՝ «Զանգեզուրի միջանցքը», որը թույլ կտա կապ միանալ մնացած թյուրքական աշխարհին։ Դա նրանց համար գլխավորն է։ Հենց սրան է դեմ Իրանը, քանի որ դա Իրանին պետք չէ։
Ռուսաստանը Թուրքիային ու նրա դիրքորոշմանը ճնշելու գործիքներ ունի, բայց ես չէի ասի, որ մենք ակտիվորեն օգտագործում ենք դա։ Բայց, այնուամենայնիվ, մենք ունենք նման գործիքներ։ Առանց մեզ (Ռուսաստանի), նա (Թուրքիան) ոչ մի տեղ չի կարող գլուխ հանել»,- ասել է Նադեին-Ռաևսկին:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում Թուրքիայի միջնորդական դերին, ապա, ըստ փորձագետի, դա անտրամաբանական է, քանի որ միջնորդը պետք է չեզոք լինի։
«Բանն այն է, որ տրամաբանական է՝ միջնորդը հնարավորինս չեզոք լինի։ Այս դեպքում կարելի է խոսել միջնորդության մասին։ Թուրքիան ամբողջությամբ Ադրբեջանի կողքին է, ավելին, ակտիվ մասնակից է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմին։ Սա չափազանց կարևոր է, ուստի նրանց կողմից այլ դիրքորոշում ակնկալելը սխալ կլինի։ Իրավիճակն, իմ կարծիքով, հենց այսպիսին է, և մենք, իրոք, չափազանց զգույշ պետք է վերաբերվենք դրան»,- եզրափակել է Նադեին-Ռաևսկին։