Էրդողանը ընդունել է ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության պարտությունը և խոստացել եզրակացություններ անել

01 Ապրիլի 2024, 10:05

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը։

«Ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և որի հույսն ունեինք քաղաքային ընտրություններում», — ասել է Էրդողանն Անկարայում իր կողմնակիցներին:

Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ ժողովուրդը ընտրության միջոցով փոխանցում է իր դիրքորոշումը քաղաքական գործիչներին, և անկախ քվեարկության արդյունքներից՝ հաղթող է դարձել թուրքական ժողովրդավարությունը։ Նա նշել է, որ ընտրություններն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։ Էրդողանի խոսքով՝ դրանք «ոչ թե վերջն էին, այլ շրջադարձի սկիզբը»։

Երկրի ղեկավարը խոստացել է, որ առաջիկա 4-5 տարիներին իր կուսակցությունը կենտրոնանալու է երկրի հրատապ խնդիրների վրա։

Քվեաթերթիկների 93%-ի հաշվարկից հետո Ժողովրդահանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստացել է ձայների 37,4%-ը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,7%: Ընտրությունների արդյունքներից հետո երեք խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը կպահպանեն իրենց պաշտոնները։

Հիմա եթերում