Երեւանը ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հայտ չի ներկայացրել
13 Սեպտեմբերի 2023, 11:11
Երեւանը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու պաշտոնական հայտ չի ներկայացրել, եւ կազմակերպությունը ներկայումս չի դիտարկում այս հարցը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
«Հայաստանի կողմից դաշինքին միանալու պաշտոնական դիմում չի եղել։ Դա մեր տեսանկյունից խնդիր չէ՝ հաշվի առնելով այլ գործընկեր երկրների հետ երկարամյա համագործակցությունը, որոնք չեն ձգտում միանալ ռազմական դաշինքին»,- նշել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա փոխանցմամբ՝ Դաշինքի գործընկերներն իրենք պետք է որոշեն ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերությունների մակարդակը։ Միևնույն ժամանակ, դաշինքը հեռու է մնացել, այսպես կոչված, «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի» ղեկավար Գյունտեր Ֆելինգերի վերջին հայտարարությունից, որը կոչ է արել Երևանին միանալ ռազմական դաշինքին։
«Պարոն Ֆելինգերը պաշտոնական կապ չունի ՆԱՏՕ-ի հետ։ Նա ՆԱՏՕ-ի աշխատակից չէ, նրա տեսակետներն ու կարծիքները իրենն են և չեն արտահայտում Դաշինքի տեսակետները»,- պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 11-ին մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը, որին կմասնակցեն 175 հայ և 85 ամերիկացի զինվորականներ։