Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը լայն հեռանկարներ կբացի Հարավային Կովկասի համար. Ղազախստանի ԱԳ նախարար
27 Մարտի 2025, 12:53

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը լայն հեռանկարներ կբացի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև տարածաշրջանի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար: Այս մասին Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուն։
Միրզոյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի իրականացում Ալմա Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա։
«Ակնհայտ է, որ կարևոր է նաև հումանիտար խնդիրների լուծումը, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը և ռազմագերիների ու կալանավորված խաղաղ բնակիչների ազատ արձակումը»,- նշել է նա: