Երևանի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու պատճառները երկուսն են․ Արմեն Բադալյան
06 Փետրվարի 2024, 23:30
Երևանի ավագանու ընդիմադիր 5 անդամների լիազորությունները դադարեցնելու պատճառը կարող են լինել բացակայությունները։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Ավագանու անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա երկար ժամանակով չի մասնակցել նիստերին, քվեարկություններին կամ հանձնաժողովների աշխատանքներին։ Խոսելով պատճառների մասին՝ նշեմ, որ սա կարող ենք բաժանել երկու մասի՝ նախկին քաղաքապետ և մյուս 4 ընդդիմադիր պատգամավորներ»,- նշեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ թիրախը ուղղված է նախկին քաղաքապետի դեմ, ով իրադարձությունների հնարավոր զարգացման դեպքում կարող է իր թեկնածությունն առաջադրել։
«Ամենայն հավանականությամբ այստեղ դիտարկում ենք, որ թիրախը ուղղված է նախկին քաղաքապետի դեմ, ով իրադարձությունների հնարավոր զարգացման դեպքում կարող է իր թեկնածությունն առաջադրել և ՔՊ-ի որոշ անդամների կողմից ստանալ կողմ ձայներ։ Որպեսզի դա տեղի չունենա, նրանք որոշել են նախկին քաղաքապետին ամբողջովին հեռացնել, իսկ մյուս անդամների հարցը դրվել է, որ նրան հեռացնելու հարցը աչք չծակի։ Եթե նույնիսկ այդ 4 հոգուն հեռացնեն, մյուս չորսն են գալու, և նրանք նույն քաղաքական գիծն են առաջ տանելու, ինչ իրենց գործընկերները»,- եզրափակեց Բադալյանը։