Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում միջնորդներն ու երաշխավորներն օգտակար են. Սերգեյ Ստանկևիչ

18 Հունվարի 2024, 00:50

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Բաքվին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ պետք չեն։

Փորձագետի կարծիքով, եթե Երևանի և Բաքվի միջև հակասությունները պահպանվեն, և կա հակամարտության վերսկսման վտանգ, ապա բանակցությունների ընթացքում միջնորդներն ու երաշխավորները կարող են օգտակար լինել:

«Ամենայն հավանականությամբ, միջնորդներն ու երաշխավորները օգտակար կլինեն։ Այլ բան, որ դրսից դժվար է պնդել այս պայմանը։ Բայց եթե կողմերի միջև լուրջ հակասությունները շարունակվեն, և եթե առկա է հակամարտության վերսկսման վտանգ, ապա բանակցությունների ընթացքում միջնորդներն ու երաշխավորները կարող են օգտակար լինել: Պայմանավորվող կողմերն իրենք են որոշում, թե կոնկրետ ում պետք է վերցնեն որպես երաշխավոր: Դրսից որևէ բան պարտադրել հնարավոր չէ»,- ասել է փորձագետը։

Խոսելով այս գործընթացում Ռուսաստանի դերի մասին՝ քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանն ամենաբնական միջնորդն ու հնարավոր երաշխավորն է։

«Ռուսաստանն արդեն իսկ միջնորդ է: Հիշեցնեմ, որ Երևանի և Բաքվի միջև այժմ զարգացող բանակցային գործընթացում կարևոր հանգրվան էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ եռակողմ հայտարարությունը, որն արվել է Մոսկվայում։ Ռուսաստանը, բնականաբար, կարող է շարունակել այդ առաքելությունը, և դա, իմ կարծիքով, շատ խելամիտ կլինի։

Ընդհանուր առմամբ, ես հիմա խաղադրույք կկատարեի «3+3» ձևաչափի վրա։ Այսինքն՝ երեք տարածաշրջանային տերություններ՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և երեք երկրներ, որոնք ուղղակիորեն գտնվում են Հարավային Կովկասում՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ «3+3» ձևաչափը բոլոր կոնֆլիկտային հարցերը լուծում է խաղաղ ճանապարհով և միևնույն ժամանակ հանդես է գալիս որպես երաշխավոր, որ ամեն ինչ լավ է լինելու, դա ամենագործելի և հեռանկարային ձևաչափն է»,- եզրափակել է Ստանկևիչը։

Հիմա եթերում