Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության. Նիկոլայ Պատրուշև
08 Նոյեմբերի 2023, 11:24
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ մինչ այդ Արևմուտքի քայլերը միայն վատթարացնում են իրավիճակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների տարեկան հանդիպմանը:
«Մենք շահագրգռված ենք նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրել է նա։
Այդ նպատակով, ըստ Պատրուշևի, Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում։ Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ընդգծել է նա։