Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը չի հանդարտեցնի իրավիճակը. գերմանացի քաղաքագետ

16 Մայիսի 2023, 23:49

Կարծիք

Խաղաղության պայմանագրի ստորագրումը դժվար թե լիովին հանդարտեցնի իրավիճակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։ 

«Լավ է, եթե ռազմական գործողություններ չլինեն, սակայն ամեն ինչ կախված է արտաքին դերակատարներից, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջին 30 տարիների ընթացքում կապված է եղել արտաքին դերակատարների հետ, որոնք ցանկանում էին ազդել իրադարձությունների ընթացքի վրա և պայքարում էին տարածաշրջանում իրենց ազդեցության համար: Խոսքը ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության մասին է»,- նշել է նա։

Եթե արտաքին դերակատարները չսկսեն մրցակցել միմյանց հետ՝ օգտագործելով հայ-ադրբեջանական հակամարտությունն իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար, ապա, փորձագետի գնահատմամբ, հնարավոր կլինի խոսել դրական տեղաշարժի մասին։

«Բայց եթե արտաքին խաղացողները սկսեն աշխարհաքաղաքական խաղեր խաղալ և միմյանց դուրս մղել՝ հակամարտությունն օգտագործելով իրենց նպատակների համար, ապա իրավիճակը չի հանդարտվի։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն գործում են բացարձակապես առանց հաշվի առնելու Ռուսաստանին, իսկ Հարավային Կովկասի տարածաշրջանը Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես նրա ազդեցության գոտի։ Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհագրորեն ՌԴ-ին մոտ երկրներ են՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի։

Նախընտրելի է միջազգային նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ դեպքում հակամարտության ավարտի հարցում հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն։

Վտանգ կա, որ հակամարտությունը կօգտագործվի Արևմուտքի կողմից, որպեսզի փորձի հետագայում դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի հակազդեցությանը և Արևմուտքի հակադարձ դուրս մղմանը Հարավային Կովկասից ուկրաինական հակամարտության ավարտից հետո, երբ Մոսկվայի ձեռքերն արձակվեն։

Սա է այն սպառնալիքը, որ հակամարտությունը կարող է նորից սկսվել»,- նշել է քաղաքագետը։

Հիմա եթերում