Երևանի ու Բաքվի միջև պայմանավորվածությունները խոշոր խաղացողների պայքարի արդյունք է. Հակոբ Բադալյան

08 Դեկտեմբերի 2023, 21:30

Քաղաքականություն

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Երեւանի ու Բաքվի միջեւ հայ գերիների եւ ադրբեջանցի զինծառայողների վերադարձի շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդ պետությունների դիվանագիտական պայքարի արդյունքում:

«Կարծում եմ՝ այդ պայմանավորվածությունների ձեռքբերումը խաղաղության պայմանագրի շուրջ բարդ գործընթացի շղթայում կողմերի տակտիկական գործողություն է, որը տեղի է ունենում խոշոր ուժային խաղացողների քաղաքական ու դիվանագիտական պայքարի համատեքստում: Կարծում եմ՝ երկու կողմերն իրենց հաշվարկներով գնում են այդպիսի համաձայնության՝ ելնելով այն մեծ անորոշությունից, որը կա թե՛ միջազգային, թե՛ այս ռեգիոնում անվտանգության համակարգի հեռանկարների իմաստով»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Հակոբ Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանը քիչ հավանական է համարում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված այդ պայմանավորվածությունները՝ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին են վկայում: Նշենք՝ ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանությունները մտադիր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Կարծում եմ՝ուղիղ կապ ներքին իրավիճակի ու այս պայմանավորվածությունների միջեւ այդքան էլ չկա կամ էլ այդ կապն առանցքային ու հիմնարար չէ»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Այդուհանդերձ, քաղաքական մեկնաբանը նկատում է, որ Հայաստանի իշխանությունները դիտարկում են արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը:

«Պաշտոնական Երեւանը քաղաքական ինչ-ինչ զարգացումների համատեքստում դիտարկում է արտահերթ ընտրությունների սցենարը: Երկու հնարավոր տարբերակ եմ դիտարկում ընտրությունների գնալու հետ կապված. եթե հավանական ենք համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը, ապա այս դեպքում չի բացառվում, որ իշխանությունը կարող է դրանից հետո հնարավոր քաղաքական լարվածության գոլորշի բաց թողնելու հնարավարություն դիտարկել նոր արտահերթ ընտրության տարբերակը կամ հնարավոր է դիտարկել, որ այդ մեխանիզմը պաշտոնական Երեւանը կօգտագործի մինչեւ որեւէ թուղթ ստորագրելը՝ հանրային համապատասխան միջավայր ձեւավորելու համար, լեգիտիմության կամ վստահության քվեարկություն իրականացնելու համար: Չեմ բացառում նաեւ, որ այդ մեխանիզմը կարող է Երեւանի համար լինել բարդ գործընթացում քաղաքական մանեւրի հնարավորություն, առնվազն ժամանակ շահելու համար, որովհետեւ իրավիճակը թե՛ ռեգիոնում, թե ՛աշխարհում այնպիսին է, որ մարտահրավերներով լեցուն է նաեւ Հայաստանի համար:

Չնայած՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությանը, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ավելի երկարաժամկետ իմաստով մտադիր չէ հրաժարվել իր առավելապաշտական մոտեցումներից, սրան զուգահեռ գիտենք նաեւ Թուրքիայի ռազմավարական նպատակները Կովկասի հետ կապված, գիտենք նաեւ աշխարհաքաղաքական պայքարը Կովկասի ստատուս քվոյի համար եւ այս պայմաններում ես չեմ բացառում, որ Երեւանը արտահերթ ընտրության միջոցով փորձում է որոշակի ժամանակ շահել Հայաստանի համար ու գուցե նոր իրավիճակի միջոցով ուզում է նոր հնարավորություններ ստանալ»,- նշեց Հակոբ Բադալյանը: