Երևանի Ռուսական արվեստի թանգարանը այցելուներին ներկայանում է նորացված մշտական ցուցադրությամբ
17 Հունիսի 2023, 14:55
Կոսմետիկ վերանորոգումից և լուսավորության արդիականացումից հետո Ռուսական արվեստի թանգարանը այցելուներին այսօրվանից ներկայանում է նորացված մշտական ցուցադրությամբ։
Թանգարանից հայտնում են, որ ցուցադրությունը նվիրված է թանգարանի հիմնադիր՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ՝ պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին։
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Այս անգին նվերն իր պատմական հայրենիք Հայաստանին նրա հայրենասիրության ամենամեծ դրսևորումներից էր։
«Կարծում ենք, որ վերանորոգված սրահներում նոր մշտական ցուցադրությունը արժանի հարգանքի տուրք կլինի ականավոր բժիշկ, հայրենասեր Արամ Աբրահամյանի հիշատակին»,- նշում են թանգարանից։