Երևանին դեռ 2022 թվականին տարածաշրջանում իրավիճակի կայունացման միջոցներ էին առաջարկում ․ ՀԱՊԿ շտաբի ղեկավար
16 Նոյեմբերի 2023, 13:55
Երևանին դեռևս անցյալ տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից առաջարկվել են միջոցներ տարածաշրջանում իրադրության կայունացման համար: Դրանց քննարկումն ընթանում է մինչև հիմա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, միջոցներ են առաջարկվել դեռ անցյալ տարի։ Այն բանից հետո, երբ Միացյալ շտաբի և քարտուղարության պատվիրակությունն աշխատել է Հայաստանում, զեկույց է եղել արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին, Անվտանգության խորհրդի քարտուղարներին, զեկույց է եղել պետությունների ղեկավարներին։ Բոլոր եզրակացությունների և գնահատականների հիման վրա առաջարկվել են որոշակի միջոցառումներ և պատրաստվել են փաստաթղթերի նախագծեր:
Մի շարք տարբեր պատճառներով քննարկումն ընթանում է մինչ օրս», — ասել է Սիդորովը՝ պատասխանելով ՀԱՊԿ պատասխանատվության դաշտը նկարագրված չլինելու և այդ թեմայով երկխոսություն վարելու վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին ՝ կազմակերպությունից դուրս գալու հարցով։
«Հայաստանի ղեկավարության կողմից պաշտոնական հայտ չի եղել։ Հայտարարություններ, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, չկան։ Այդ կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ չի ստացվել, ես անձամբ չեմ տեսել», — ասել է Սիդորովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, այն միտքը, թե ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, կամ ծրագրում է Հայաստանից հեռանալ, ոչ ոքի մոտ չկա։
«ՀԱՊԿ երկրների ղեկավարները ճանապարհ կգտնեն լուծելու այն դժվարությունները, որոնց բախվում է Հայաստանը»,- նշել է Սիդորովը։
Նա նաև նշել է, որ Հայաստանը ներգրավված է օրենսդրական գործունեության, փաստաթղթերի վերանայման, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների գործունեության ֆինանսավորման գործում։