Երևանն այսօր մեզնից խլել են. Նիկոլ Աղաբաբյան
02 Փետրվարի 2026, 22:00
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որ երկար տարիներ բնակվել և ստեղծագործել է ԱՄՆ-ում, վերջնականապես վերադարձել է Հայաստան և հաստատվել հայրենի Կողբ գյուղում։ Alpha News-ի հետ զրույցում արվեստագետը խոսել է իր վերադարձի, մշակութային տարբերությունների մասին ու մտահոգություն հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Աղաբաբյանի խոսքով՝ ԱՄՆ-ից հայրենիք վերադառնալը ոչ թե պատահականություն էր, այլ վաղուց ընդունված որոշում։ Այժմ նա իր ծննդավայր Կողբում տուն-արվեստանոց է կառուցում։
Նկարիչը խոստովանել է, որ հիմա խուսափում է մայրաքաղաքում երկար ժամանակ մնալ։ «Երևանն այսօր ասես մերը չլինի, օտարված է մեզնից։ Այն լեցուն է օտարներով, քաղաքական կուտակումներով և էներգետիկայով, որտեղ ես ինձ լավ չեմ զգում։ Մեր չքնաղ մայրաքաղաքը ասես մեր ձեռքից խլել են»,- ասել է Աղաբաբյանը:
Խոսելով ամերիկյան և հայաստանյան իրականությունների մասին՝ նկարիչը նշել է, որ ԱՄՆ-ում արվեստը հաճախ դիտարկվում է լոկ որպես բիզնես, մինչդեռ Հայաստանի մարզերում մշակութային կյանքն ավելի կենդանի ու հոգևոր է։
«Ամերիկայում նյութը ուտում է մարդուն։ Այնտեղ ցուցահանդեսներին գալիս է 100-150 հոգի, իսկ Հայաստանում՝ հազարավորներ։ Մեր ժողովուրդն անգամ դժվարությունների մեջ արվեստով է ապրում»,- հավելել է նա:
Գեղանկարիչը նաև տեղեկացրել է, որ Նոյեմբերյանում շուտով կգործի նոր արվեստանոց-կենտրոն, որը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար։ Կենտրոնում կազմակերպվելու են վարպետաց դասեր և հանդիպումներ՝ նպատակ ունենալով պահպանել և բարձրացնել մշակութային ոգին։
Աղաբաբյանն, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին, դրանք գնահատել է որպես պարտադրված գլոբալ ծրագիր, որի նպատակը հայկական ինքնության հիմքերը խարխլելն է։
«Սա մեկ մարդով կամ Կաթողիկոսի անձով պայմանավորված չէ։ Կաթողիկոսը մեր հավատի խորհրդանիշն է, և նրա կերպարն օգտագործում են մեզ ջարդուփշուր անելու համար։ Սա 5-րդ դարից եկող խնդիր է, որն այսօր օգտագործվում է իշխանավորների միջոցով»,-ասել է Աղաբաբյանը: