Երևանն ու Բաքուն ակտիվորեն քննարկում են Մինսկի խմբի լուծարման հարցը. Փաշինյանի խոսնակ

22 Հուլիսի 2025, 13:16

Քաղաքականություն

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։

Հարցին՝ արդյոք ընդունելի տարբերակ է համաձայնագրի նախաստորագրումը, երբ Ալիևը շարունակում է որպես նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը, խոսնակը նշել է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի մեխանիզմների լուծարմանը եւ Խաղաղության համաձայնագրի հնարավոր նախաստորագրմանը, Հայաստանի Հանրապետության համար դա հասկանալի օրակարգ է, եւ հիմա ակտիվ քննարկումներ են գնում, թե ինչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ։

Ինչ վերաբերվում է Սահմանադրության հետ կապված հարցին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ եթե Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ Սահմանադրական դատարանը այն Սահմանադրությանը հակասող ճանաչի, վարչապետն ինքը ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի։ Մինչ այդ դրա պատճառ չկա, որովհետև ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի որոշմամբ սահմանել է, որ մեր Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Այս թեմաներին վարչապետ Փաշինյանն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին Զեկույցի քննարկման և «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ընդարձակ ելույթներում»։

Բաղդասարյանը նաև նշել է, որ Փաշինյանը ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին քննարկումներ տարել է դեռևս 2018-2020 թվականներին և այժմ այդ հարցն ակտիվ ինստիտուցիոնալ քննարկման փուլում է։ Բայց դա ՀՀ ներքին օրակարգի հարց է և կապ չունի Ադրբեջանի հետ բանակցությունների հետ։