Երևանի, Մոսկվայի և Բաքվի պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ և չեն կորցրել իրենց արդիականությունը. ՌԴ ԱԳՆ
07 Նոյեմբերի 2025, 16:18
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների 5-րդ տարելիցի հետ կապված հայտարարությամբ։
«2025 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է հինգ տարին այն օրվանից, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին հայտարարությունը։ Երեք երկրների ղեկավարների՝ ժամեր տևած բանակցությունները վերջ դրեցին արյունահեղությանը և գործարկեցին տարածաշրջանում խաղաղ կյանք հաստատելու համալիր միջոցառումներ։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը (ՌԽԶ), այդ թվում՝ մեր զինվորների կյանքի գնով, անփոխարինելի ներդրում է ունեցել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Խաղաղապահ գործողության մեկնարկից ի վեր ՌԽԶ ուժերով իրականացվել են 2550,2 հեկտար տարածքի պայթուցիկ նյութերից մաքրման աշխատանքներ, ականազերծվել է ավելի քան 689 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 794 պայթուցիկ առարկա։ Ապահովվել է 31 սոցիալապես նշանակալի օբյեկտների, 40 կիլոմետր կապի գծերի և 20 կիլոմետր գազատարի գործունեությունը։ Կազմակերպվել է պահվող անձանց և ռազմագերիների փոխանակումը. ընդհանուր վերադարձվել է 213 մարդ, որոնցից 189-ը՝ Հայաստան, իսկ 24-ը՝ Ադրբեջան։
2023 թվականի սեպտեմբերին մարտերի վերսկսումից հետո ռուս զինծառայողներն աջակցել են զինադադարի հաստատմանը, ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը, իրենց տեղակայման կետերում և դիտակետերում տեղավորել շուրջ հինգ հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ ավելի քան երկու հազար երեխայի, երաշխավորել են հայ բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստան։ Խաղաղապահները շարունակել են կատարել իրենց պարտքը մինչև 2024 թվականի հունիսի 12-ին Հայրենիք վերադառնալը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության զարգացման շրջանակում, 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով որոշում է կայացվել ստեղծել Եռակողմ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանաի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար։ Աշխատանքային խումբը մեծ աշխատանք է կատարել ինչպես իրավական հիմքերի, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տրանսպորտային երթուղիների անցկացման տեխնիկական պարամետրերի համաձայնեցման ուղղությամբ։
2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում երեք երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներ ստեղծելու մասին, որին հաջորդելու է սահմանագծումը՝ կողմերի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ։
2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպմանը պետությունների ղեկավարները շեշտել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագիր կնքելուն ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով՝ հիմնվելով առկա մշակումների և Ռուսաստանի Դաշնության աջակցության վրա, ինչպես նաև համաձայնել ջանքեր գործադրել մնացած խնդիրների լուծման ուղղությամբ, ներառյալ մարդասիրական հարցերը։
Ընդհանուր առմամբ, բարձր մակարդակով չորս հայտարարությունները ձևավորում են խաղաղ գործընթացի «ճանապարհային քարտեզը»։ Այդ պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ և չեն կորցրել իրենց արդիականությունը։ Եռակողմ ձևաչափով ձեռք բերված կարևոր հիմքերն ակտիվորեն օգտագործում են ադրբեջանական և հայկական կողմերը, այդ թվում՝ ուղիղ երկխոսության շրջանակներում։ Այս համատեքստում ռուսական կողմը դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի նախաստորագրումը։
Բաքուն և Երևանը դեռ շատ անելիքներ ունեն, որպեսզի կարգավորման գործընթացն անշրջելի լինի, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների վերականգնումը, պետական սահմանի արդար սահմանազատումն ու սահմանագծումը, քաղաքացիական հասարակության արդյունավետ շփումների հաստատումը՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների:
Ռուսական կողմը պատրաստ է շարունակել բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։