Երևանում ապրելը էկոլոգիական տեսանկյունից վտանգավոր է առողջության համար․ Նարինե Կիրակոսյան
21 Օգոստոսի 2024, 22:38
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Երևանում օդի՝ փոշով աղտոտվածության ցուցանիշը, ինչպես նաև ծծմբային գազի պարունակությունը գերազանցում է թույլատրելի չափը: Մինչդեռ ըստ նրա՝ պատկան մարմինները կանխարգելիչ գործողություններ չեն ձեռնարկում աղտոտվածության մակարդակը նվազեցնելու կամ էլ ձեռնարկած միջոցները բավարար չեն եղած խնդիրները վերացնելու համար: Նրա խոսքով՝ Երևանում ապրելը էկոլոգիական տեսանկյունից վտանգավոր է առողջության համար։
«Երևանը թունավորվում է «Նուբարաշենի» աղբանոցի այրումի, մեքենաների ֆիլտրերի բացակայության և սաղարթախիտ ծառեր չունենալու պատճառով: Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ուղղակի թոզ է փչում մեր աչքերին։ Մինչև ծառահատումներ անելն այդ կառույցի աշխատակիցները մեր կազմակերպության հետ ևս խորհրդակցություն ունեցան։ Ես առաջարկեցի ուսումնասիրել, թե ինչ ծառեր են տնկվել Խորհրդային Միության ժամանակ։ Խոսեցինք սոսիների, մագլցող բույսերի մասին, որոնք շատ հող չեն պահանջում, բայց էկոլոգիական մեծ նշանակություն ունեն։ Բայց իրենք որոշեցին թեղիները հատել՝ պատճառաբանելով, թե դրանք հիվանդ են ու նոր ծառատեսակներ բերվեցին, որոնք չեն կարող չեզոքացնել ծծմբի գազի հետևանքները։ Դա կարող են անել կաղնին, կեչին, բարդին։
Բայց քաղաքապետարանի համապատասխան կառույցը ուղղակի հանցավոր գործողություն է անում թանկարժեք ծառեր առնելով և մեծ սաղարթով ծառերը կտրելով։ Բացի այդ, Արզնի տանող ճանապարհին շաբաթը մեկ ոչնչանում են սարերը, որոնք քարի, ավազի, շեբենի հանքեր են։ Քանի որ Երևանը կախվածություն ունի քամիներից, դրանք այդ փոշին բերում են այնտեղից։ Երևանը կենդանի օրգանիզմ է, որտեղ ապրելը ոչ միայն հարմար չէ, այլև վտանգավոր է։ Այսօրվա դրությամբ Երևանում մաքուր օդ չկա»,- Alpha News-հետ զրույցում ասում է Նարինե Կիրակոսյանը։
Չնայած շինարարություն իրականացնելու սահմանված կանոններին, ըստ լրագրողի, կառուցապատողները դրանց չեն հետևում: Քաղաքապետարանը սահմանում է, որ կառուցապատման ամբողջ ընթացքում տարածքը պետք է կահավորվի անթափանց ցանցերով, հակառակ դեպքում կառուցապատողը վարչական պատասխանատվության կենթարկվի:
«Հիմա՝ մեր հարցազրույցի ժամանակ, հարակից տարածքում կատարվող շինարարության հետևանքով փոշի է կուտակվում, բարձրանում մինչև բարձրահարկ շենքերի տանիքներ, բայց կառուցապատողը ո՛չ ջուր է ցողում, ո՛չ ցանցով է պատում շենքը ու այսպիսի շատ դեպքեր և նրանք չեն տուգանվում։ Եթե մի բան էլ ասվում է, շինարարները նեղանում են, նրանք ավելի շատ խոսքի իրավունք ունեն, քան շարքային բնակիչները»,- ասում է լրագրողը։
Անդրադառնալով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գարնանը տնկված տույաներին, որոնք ամռանն արդեն չորացել էին, Նարինե Կիրակոսյանը չի բացառում, որ այդ գործարքում կոռուպցիա կա։
«Տույաները սպեցիֆիկ ծառատեսակներ են, նրանք շատ խնամք են պահանջում։ Բացի այդ, անհասկանալի էր դրանք շոգ վայրում տնկելը, քանի որ այդ ծառատեսակը խոնավ միջավայր է սիրում։ Այդ նույն ՀՈԱԿ-ը դրա հետ կապված ասաց, թե գիհիներ են տնկելու, դրանք շատ կարևոր են, բայց դրանք ևս արագ են վառվում, դանդաղ են աճում։ Գիհիները արտադրում են ֆիտոնցիդներ, այսինքն՝ իրենք բնական ֆիլտրեր են։ Հիմա եթե դուք ցույց եք տալիս, որ գիհի եք տնկել, ապա ինչո՞ւ եք գնել 200 000 դրամ արժեցող տույան։ Պարզ է, որ կոռուպցիոն համակարգ է գործում, մենք չենք կարող սրա դեմն առնել, մեր բնակիչները պետք է ակտիվ պայքարեն էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու համար»,- ասում է լրագրողը։
Մանրամասները՝ տեսանյութում: