Երևանում ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկել է կորեական մշակույթի փառատոնը
20 Մայիսի 2023, 08:05
Երևանում կորեական մշակույթի փառատոնի մեկնարկը տրվեց «Դետեկտիվ Կ. կորած կղզու գաղտնիքը» կորեական ֆիլմի ցուցադրությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ ֆիլմի դիտումը Հայաստանի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների և Հայաստանում Կորեայի հատուկ նախագահական բանագնաց Յանգ Սուն Մինի համար ցուցադրվեցին հետաքրքիր պարային, երաժշտական և սպորտային համարներ։
Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի
Յանգ Սուն Մինին ներկաները դիմավորեցին աղ ու հացով, ներկայացվեց հայկական ազգային տարազը։
Նա ասաց, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում, հայտնի է Կորեական ալիքը կամ Հալուն, շատ տարածված են կորեական ֆիլմերը՝ դորամաները, հարավկորեական պարը՝ K-POP-ը։ Յանգ Սուն Մինի համոզմամբ՝ սա ևս մեկ քայլ է հայ-կորեական մշակութային հարաբերությունները խորացնելու համար։
«Անցյալ տարի լրացել է Հայաստանի և Կորեայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, և այս այցով կցանկանամ երկարաձգել մեր հարաբերությունները՝ հասցնելով 100 տարվա, համագործակցելով տարբեր բնագավառերում՝ սկսած տնտեսությունից մինչև մշակութային»,- ասաց նա։
Հյուրը նկատեց՝ Հայաստանը զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունի և հույս հայտնեց, որ այս ոլորտում հարաբերություններն ամրացնելու և խորացնելու հնարավորություններ կլինեն։
«Չնայած հարևան երկրների ճնշումներին՝ մեր երկրներն ունեն երկար տարիների պատմություն և շարունակում են պահել իրենց ուրույն տեղը։ Կարծում եմ, որ ապագայում հնարավոր և պարտադիր է, որ Կորեայում էլ հայկական մշակութային փառատոններ անցկացվեն»,- վստահեցրեց նա։
Միջոցառման կազմակերպիչ, Ռուսաստանում Կորեայի մշակութային կենտրոնի տնօրեն Փակ Ջոն Գոնը նշեց՝ ֆիլմը պատմում է կորեական Մեծ Չոսոն դինաստիայի մասին։ Ֆիլմի միջոցով ցանկացել են Կորեայի մի մասը Հայաստանում ներկայացնել։
«Ֆիլմի միջոցով մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ կորեական պատմությանը։ Կներկայացվի նաև կորեական ազգային հագուստը։ Ֆիլմի բովանդակությունը հետաքրքիր է, կարծում եմ՝ հայ հանդիսատեսին ևս դուր կգա»,- ասաց նա։
Առաջիկայում նպատակ կա հայ-կորական մշակույթները միացնելով` ավելի մեծ միջոցառումներ կազմակերպել։