Երևանում՝ Ռուսական տանը, տեղի է ունեցել ՌԴ-ում ՄԻ հանձնակատարի ներկայացուցիչների հանդիպումը ԼՂ-ի հայրենակիցների հետ
08 Դեկտեմբերի 2023, 01:00
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Աբրամովը նշել է, որ հանձնակատարի հանձնարարությամբ իրենք Հայաստան են ժամանել մարդասիրական առաքելությամբ և կազմակերպել են հայրենակիցների անձնական ընդունելությունները:
«Անհրաժեշտ է լսել հայրենակիցներին, հասկանալ, թե ինչ խնդիրների առաջ են կանգնած՝ կապված այն իրավիճակի հետ, որում նրանք հայտնվել են», — նշել Է Վլադիմիր Աբրամովը:
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ում հավաքվել են ԼՂ ռուսական համայնքի հայրենակիցները՝ ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ միասին: Վլադիմիր Աբրամովը նաև հայտնել է, որ ռուսական հիմնադրամները հավաքել են ավելի քան 6 տոննա մարդասիրական բեռ, որն արդեն ուղարկվում է Երևան: Օգնությունը ներառում է տաք հագուստ երեխաների և մեծահասակների համար, կենցաղային տեխնիկա, անկողնային պարագաներ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր և այլն: Մարդասիրական օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի միության խնդրանքով։
Վաղը ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները կմեկնեն Մասիս քաղաք՝ Լեռնային Ղարաբաղից հեռացած հայրենակիցների բնակության վայրեր այցելելու համար: