Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում

27 Հուլիսի 2024, 10:07

Քաղաքականություն

Պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, թե ոչ։ Նման եզրահանգման կարելի է հանգել ՀՀ ԱԳՆ նամակից` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։

Ավելի վաղ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում մոտ ժամանակներս:

««3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպման և ՀՀ հնարավոր մասնակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածության առկայության պարագայում հանրությունը կիրազեկվի պատշաճ ժամկետում»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։

Այս ձևաչափով առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Երկրորդ նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին` Իրանում։

Հիմա եթերում