Երևանը կարող է անցնել Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիայի գնումներին. Վահե Դավթյան
03 Դեկտեմբերի 2025, 22:06
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների սեկտորի ավագ գիտաշխատող Վահե Դավթյանը «Հարավային Կովկասի էներգետիկան և տրանսպորտը աշխարհաքաղաքական հեռանկարում» կլոր սեղանի շրջանակներում Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից նոր ԱԷԿ-ի նախագծի ընտրության հետ կապված իրավիճակը:
«Ժամանակը բավականին քիչ է։ Կարծում եմ՝ հիմա արդեն անհրաժեշտ է սկսել նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, որպեսզի մինչև 2036 թվականը, երբ գործողը դուրս կբերվի շահագործումից, նոր բլոկը պատրաստ լինի և համաժամանակյա միացվի ցանցին։ Ցավոք, այսօր Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ փոքր մոդուլային ատոմային ռեակտորի կառուցման որոշումն ընդունվել է, այսինքն՝ մոդելի վերաբերյալ որոշումը վերջնական է։ Բայց չկա որոշում այն մասին, թե ում հետ է Հայաստանը պատրաստվում անցնել այդ ճանապարհը՝ Ռուսաստանի Դաշնության, թե ԱՄՆ-ի։
Զուգահեռաբար մենք տեսնում ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, Ֆրանսիայից, Կորեայի Հանրապետությունից ստացվող առաջարկների մասին պարբերական հայտարարություններ։ Սակայն միանգամայն ակնհայտ է, որ ներկայումս առավել առարկայական է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի առաջարկը, որը ներկայացրել է երկու տարբերակ՝ 1200 ՄՎտ հզորությամբ խոշոր ատոմային էներգաբլոկ և «ՌԻՏՄ-200Ն»՝ 50-60 ՄՎտ հզորությամբ փոքր մոդուլային ռեակտոր։ Ռուսական կողմը պատրաստակամություն է դրսևորում համագործակցել Հայաստանի հետ ինչպես կոնվենցիոնալ ավանդական ատոմային էներգետիկայի, այնպես էլ փոքր ատոմային էներգետիկայի ոլորտում։
Հաշվի առնելով, որ Հայաստանի առջև դրված է «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման ռազմավարական խնդիրը, անհրաժեշտ են խոշոր գեներացնող հզորություններ՝ արդյունավետ արտահանմանն ուղղված էներգետիկ քաղաքականություն կառուցելու համար։ Փոքր մոդուլային ռեակտորը չի կարող ծածկել այն արտահանման կարիքները, որոնք Հայաստանն ի սկզբանե դրել է իր էներգետիկ ռազմավարության հիմքում»,- հայտարարել է Դավթյանը:
Նա նաև մեկնաբանել է մի շարք փորձագետների կարծիքը, որոնք հավանական են համարում, որ Հայաստանում նոր ԱԷԿ-ն ընդհանրապես չի կառուցվի, ինչը Երևանին կհարկադրի անցնել էլեկտրաէներգիայի լայնածավալ գնումների, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության։
«Ես հիպոթետիկորեն դա չեմ բացառում։ Նախ, հայկական էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է 2022 թվականի փետրվարի 1-ից։ Ազատականացվել է նաև արտաքին էլեկտրաէներգետիկ առևտուրը։ Սա նշանակում է, որ առանձին սուբյեկտներին համապատասխան լիցենզիաներ տրամադրող Հայաստանն ունի ավելի էժան շուկաներից էլեկտրաէներգիայի ազատ ներկրման հնարավորություն ։ Պետք է ընդունել, որ Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիան ինքնարժեքով բարձր է և անմրցունակ՝ համեմատած վրացականի հետ, իսկ հեռանկարում՝ նաև թուրքականի հետ։
Ինստիտուցիոնալ ճարտարապետության տեսանկյունից շուկան պատրաստ է դառնալ զուտ ներմուծող: Երկրորդ հերթին, պետք է հաշվի առնել Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունն այն մասին, որ 2030 թվականին դրված 1000 ՄՎտ ֆոտովոլտային հզորությունների ստեղծման ռազմավարական խնդիրները լուծվել են չորս տարի շուտ։ Ինքը՝ Փաշինյանը, հայտարարել է, որ կառուցվել են արևային էլեկտրակայաններ, որոնց հզորությունը գերազանցում է երկու ատոմային էներգաբլոկների հզորությանը։ Սա վկայում է հայկական ատոմային էներգետիկայի երկարաժամկետ զարգացման որոշակի վերաիմաստավորման մասին։
Ուստի, նման ռիսկ, իհարկե, գոյություն ունի։ Եվ հարցն արդեն հանգում է աշխարհաքաղաքական իրողություններին, քանի որ, եթե խոսենք տեխնիկատնտեսական մակարդակից, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը պետք է սկսվեր առնվազն 2019 թվականին»,- նշել է Դավթյանը։