Երևանը կարող է պայմանավորվել Բաքվի հետ, ՀՀ սահմանադրության փոփոխման ժամկետի վերաբերյալ.Հովհաննիսյան

21 Մարտի 2025, 21:40

Քաղաքականություն

Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է երկու սցենար. ինչ կլինի, երբ Հայաստանն ու Ադրբեջանն ստորագրեն խաղաղության պայմանագիրը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ փոխի ՀՀ Սահմանադրությունը:

«Ադրբեջանական կողմը կշարունակի պրովոկացիաները, ինչը կհանգեցնի լոկալ էսկալացիայի: Արդյունքը լինելու է այն, որ Ադրբեջանը հասնելու է իր նպատակին: Այսինքն՝ չի ստորագրվի փաստաթուղթ: Ադրբեջանական կողմը կշահի դրանից, որովհետև ինքը հետաքրքրված չէ խաղաղության համաձայնագիր ստորագրելով: Ինքը կշարունակի ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ դիվանագիտական, քաղաքական միջոցներով, միջազգային ասպարեզում: Սա առաջին սցենարն է»,- ասել է մեր զրուցակիցը:

Միջազգայնագետը նշել է նաև երկրորդ սցենարը: Ըստ նրա՝ խաղաղության փաստաթուղթը որպես հաղթաթուղթ են ներկայացնելու ՀՀ ներկայիս իշխանությունները գալիք ընտրություններին ու մոլորեցնեն հանրությանը:

«Երկրորդ սցենարն այն է, որ փաստաթուղթը կստորագրվի, բայց ակնհայտ է՝ երկարատև խաղաղություն մեր տարածաշրջանում չի լինի, որովհետև այս փաստաթուղթը միակողմանի զիջումների փաստաթուղթ է: Իսկ երբ երկու կողմերից միայն մեկն է գնում զիջումների, դա երկարատև խաղաղություն տարածաշրջանին չի բերում:

Եթե ստորագրվի փաստաթուղթը, ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հնարավորություն կստանան ընտրությունների ժամանակ օգտագործել այս փաստը ու մոլորության մեջ գցելով հանրությանը՝ ցույց տալ, թե ստորագրվել է փաստաթուղթը, խաղաղություն է գալու: Իրենք կշարունակեն անդադար միակողմանի զիջումների ցիկլը»,- ցավով է նկատել Անդրանիկ Հովհաննիսյանը:

Նա վստահ է՝ ադրբեջանական կողմը ոչ թե հակված է ստորագրելու խաղաղության պայմանագիրը, այլ նրանց նպատակն է փոխել ՀՀ Սահմանադրությունը, լուծարել Մինսկի խումբը:

Մանրամասները՝ տեսանյութում: