Երևանը ռուսաստանցիների՝ զբոսաշրջային ամենասիրելի ուղղություններից երկրորդն է
22 Օգոստոսի 2023, 09:20
Երևանը դարձել է արտերկրում արձակուրդներն նանցկացնող ռուսաստանցիների շրջանում երկրորդ ամենասիրված ուղղությունը։ Այս մասին գրում է Gazeta.Ru-ն՝ վկայակոչելով OneTwoTrip-ի վերլուծաբանների հետազոտությունը։ Նախընտրելի ուղղությունների շարքում Երևանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ամրագրումների 4,3%-ը կատարվել է Հայաստանի մայրաքաղաքում։
Հետազոտության արդյունքներով՝ այս տարի Երևանն ավելի հայտնի է դարձել 34,4%-ով։ Ստամբուլը առաջին տեղում է, որը կազմում է արտասահմանյան բոլոր ամրագրումների 8,9%-ը: Եռյակը եզրափակում է Հռոմը (3,5%), որտեղ հյուրանոցների պահանջարկը 2022 թվականի համեմատ աճել է 43,5%-ով։ Առաջին տասնյակում են նաև Փարիզը (պահանջարկն աճել է 63,2%-ով), Ռիմինին (2,9%, պահանջարկն աճել է գրեթե 10 անգամ), Դուբայը (2,5%, պահանջարկը նվազել է 7,4% ):
Անցյալ տարվա ամռան համեմատ՝ բնակարանների պահանջարկն ամենաշատն աճել է Ռիմինիում։ Իտալական զբոսաշրջային այս քաղաքում ամրագրումների թիվն աճել է 9,7 անգամ։ Հյուրանոցների նկատմամբ հետաքրքրությունն աճել է նաև Սեուլում (4,6 անգամ), Աթենքում (2,8 անգամ), Բուդապեշտում (2,3 անգամ) և Մադրիդում (2,2 անգամ)։ Ամրագրումների թիվը Աբու Դաբիում, Բաթումում, Բելգրադում և Բաքվում կրկնապատկվել է։