Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Ստեփանակերտում մարզական միջոցառում է կազմակերպվել

31 Մայիսի 2023, 19:30

Սպորտ

Այսօր՝ մայիսի 31-ին, մայրաքաղաքի  Մանկապատանեկան մարզադպրոցի կողմից համար 6 դպրոցի մարզասրահում անց է կացվել բասկետբոլի տարրերով «Ուրախ մեկնարկներ» մրցույթ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել հանուն Արցախի մղված բոլոր պատերազմներում անմահացած հերոսների հիշատակին։ 

Ստեփանակերտի Մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն ասել է, որ մրցույթին մասնակցում է 8 թիմ՝  7-10 տարեկան պատանիների և աղջիկների ընդգրկմամբ։ 

«Թեժ ու հետաքրքիր մրցապայքար է ընթանում մարզիկների միջև։ Մասնակիցների թիվը բավական մեծ է: Ուրախալի է, որ նրանք հետաքրքրված են մարզաձևով, և, որ բասկետբոլը  բավականին սիրված ու զարգացած է Հանրապետությունում։

Ամեն տարի մեր բասկետբոլիստները համալրում են Հայաստանի հավաքականի թիմի կազմը և մասնակցում Եվրոպայի առաջնություններին։ 2017 թվականին զբաղեցրել ենք Եվրոպայի առաջնության 1-ին պատվավոր հորիզոնականը: Այսօր մեր 5 մարզիկ «Սպորտի վարպետ»-ի կոչում ունի»,-նշել է Է. Օգանիսյանը։ 

Մրցույթի  բոլոր մասնակիցները, հունիսմեկյան տոնին ընդառաջ, Մանկապատանեկան մարզադպրոցի կողմից մարզաշապիկներ կստանան։

Нет описания.
Нет описания.