Ամուսնուս հարցրի՝ ո՞վ է մահացել, պատասխանը լսելով՝ երեխաներն սկսեցին լաց լինել. Մարգարիտա Ղուշունց

13 Նոյեմբերի 2023, 21:30

Հայեր

Առավոտյան ժամը 06:30, թուղթն ու գրիչը ձեռքիս, մսի հերթն էի գծում։ Ես էլ պիտի միս ստանայի ու հերթում 49-րդն էի: Կային մարդիկ, ովքեր ավելի վաղ էին եկել, քան ես, օրինակ՝ գիշերը 4-ին, 5-ին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում Արցախի՝ իր վերջին օրերն է հիշում Ստեփանակերտի բնակիչ, լուրերի մեկնաբան Մարգարիտա Ղուշունցը:

«Մեր ընտանիքը մեծ է, պիտի հասցնեի և՛ մսի հետևից, և՛ վաղվա հացի համար ինչ-որ մեկին խնդրեի, որ ինձ հաց տային և եթերին հասնեինք»,- ասում է նա:

«11:15 էր, երբ հերթս հասավ: Տղաս առաջին դասարան է, ու ստիպված էի վազել նրա հետևից։ Ծնողական խմբերում արդեն գրում էին, որ երեխաներին շուտ վերցնենք դպրոցից, քանի որ վտանգավոր էր: Տեղեկություն հաղորդվեց, որ համար մեկ են տվել»,- պատմում է Ղուշունցը՝ նշելով, որ իր 7 ամսական աղջիկը ծնվել է բլոկադայի ժամանակ, որին կատակով «բլոկադինա» են կոչում:

«Սեպտեմբերի 20-ին ամուսինս եկավ․ նա ժամերի ընթացքում նիհարել էր: Հարցրեցի՝ ով է զոհվել, ասաց՝ մեր լավ ընկերներից երեքը միանգամից, երեխաները դա լսեցին ու սկսեցին բարձրաձայն լաց լինել»,- պատմում է Մարգարիտա Ղուշունցը: