Երեխայի դպրոցական պայուսակի «ֆինանսական ծանրությունը». ըստ մասնագետի՝ ծախսերն ավելացել են

24 Օգոստոսի 2023, 12:30

Տնտեսություն և Բիզնես

Հաջորդ շաբաթ կմեկնարկի նոր ուսումնական տարին: Alpha News-ը փորձել է հասկանալ, թե գնաճի պայմաններում ինչ չափով է զգալու ծնողն իր երեխայի պայուսակի «ֆինանսական ծանրությունը»: ԿԳՄՍ նախարարությունից մեզ տեղեկացրին, որ կրթության համար նախատեսված ֆինանսական օժանդակության ծրագրերը նույնն են մնացել: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, 1-4-րդ դասարանի աշակերտները դասագրքերը ստանալու են անվճար, իսկ ավելի բարձր դասարանցիների ծնողները պետք է վճարեն դասագրքերի համար(ստույգ գումարի չափը մեզ դեռ չի հաջողվել պարզել): Սոցիալական ծրագիր է գործում սահմանամերձ բնակիչների համար: Անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողները (այս դեպքում՝ նաև 4-րդ դասարանից բարձր), դասագրքերի համար նույնպես որոշակի օժանդակություն են ստանում:

Դասագրքերի գումարների փոխհատուցման չափը, ըստ յուրաքանչյուր դասագրքի, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։ Alpha News-ը փորձել է հասկանալ նաեւ, թե ԿԳՄՍ նախարարությունից բացի, աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունն ինչով է օժանդակում այն ծնողին, որն այս տարի տարի իր երեխային դպրոց է ուղարկելու: Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարի խոսնակ՝ Զառա Մանուչարյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ նախարարությունը ունի օժանդակության միայն մի ծրագիր, որը միանվագ է:

«Նախարարությունը օգնություն է նախատեսում նպաստառու այն ընտանիքների երեխաների համար, որոնք ընդունվել են հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: Աջակցությունը միանվագ է՝ կազմում է 25,000»,- փոխանցել է խոսնակը:

Մանուչարյանն ընդգծել է՝ այդ օժանդակության համար ծնողն ինքը պետք է դիմի սոցապին: «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանից փորձեցինք հետաքրքրվել, թե որքան է կազմում այսօր երեխայի դպրոցական պայուսակի և նրա պարունակության միջին արժեքը:

«Երեխաներին դպրոց ուղարկելու համար միջինում նախատեսված գումարը ունի միտում տատանվելու՝ մինչև 10-ը տոկոսի չափով: 10-ը տոկոսի շրջանակում ամեն տարի այդ գումարն ավելանում է»,- ասել է Պողոսյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ վիճակագրական կոմիտեն չունի այդ ծախսերի ճշգրիտ տվյալները:

«Ամեն ծնող կուզի, որ իր երեխան ավելի կոկիկ ավելի նոր հագուստով գնա դպրոց, ֆիզկուլտուրայի համար ֆորմա և այլ պարագաներ ունենա, այդ ամենը դժվար է հաշվարկել»,- ասել է Պողոսյանը:

Արմեն Պողոսյանի թոռնիկն այս տարի 4-րդ դասարան է գնալու: Պապիկի հաշվարկով՝ մոտ 40,000 դրամ է կազմում թոռան նոր ուսումնական տարվա ծախսը:

«Հասարակության առաջին շերտի համար, դա ոչ թե ծախս է, այլ հաճույք, որի համար կարող են տասնապատիկ ավելի վճարել, բայց մնացած սոցիալական խմբերում գտնվողների համար դա մեծ ծախս է»,- արձանագրել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահը՝ հավելելով, որ սոցիալական ներքևի շերտերում գտնվող ընտանիքների համար, այդ ծախսերն անգամ անհնարիության սահմանում են:

Ըստ նրա՝ կան դպրոցներ, որտեղ կան անվանական տետրեր ու գրիչներ: Անապահով ընտանիքների երեխաները այդ ամենը տեսնելով՝ իրենց վատ են զգում: Պողոսյանն ընդգծում է՝ Հայաստանի տնտեսական իրավիճակից ելնելով՝ մեր երկրում պետք է ամեն ինչ լինի արդարացված, իսկ ավելորդ շռայլությունը պետք է բացառվի: Անդրադառնալով սոցիալական մյուս խնդիրներին՝ Պողոսյանը նշել է, որ Հայաստանում ընտանեկան բյուջեի 65 տոկոսից ավելին ծախսվում է սննդամթերքի վրա:

«Եվրոպական զարգացած երկրների չափանիշներով՝ դա աղքատության ծայրահեղ աստիճանն է»:

Եթե Եվրոպական երկրներից մեկում սննդի վրա 30 տոկոսից ավելին է ծախսվում, ապա գործ ունենք անապահով խմբերի հետ: Պողոսյանը բացատրում է՝ սննդից, հագուստից, հանրային ծառայություններից բացի, կան նաև մշակութային ծախսեր, որոնք ներառված չեն զամբյուղում:

«Մարդը չի ծնվել լոլիկ կամ կոշիկ սպառելու համար, նա պիտի նաև հոգևոր կյանքով ապրի» ,- շեշտել է Պողոսյանը՝ հավելելով, որ այն տողը, որն ամրագրում է մշակույթի և հոգևոր կյանքի համար նախատեսված ծախսերը, շատերի համար զրոյական է: