Երգչուհի Շերը «Գրեմմի» մրցանակի է արժանացել

02 Փետրվարի 2026, 16:00

Հայեր

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) «Գրեմմի» մրցանակաբաշխությանն արժանացել է «Կյանքի նվաճումների համար» մրցանակին (Grammy Lifetime Achievement Award)՝ երաժշտական ոլորտում ունեցած երկարամյա և նշանակալի ավանդի համար, հայտնում է Harpersbazaar-ը։

«Գրեմմի» մրցանակաբաշխության 68-րդ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին՝ Լոս Անջելեսում։

Շերին դիմավորել են բուռն ծափահարություններով, սակայն երգչուհին նախ խնդրել է հանդիսատեսին նստել, ապա սկսել իր խոսքը։ Ելույթում նա կոչ է արել երբեք չհրաժարվել սեփական երազանքներից՝ ընդգծելով, որ նույնիսկ եթե դրանք անմիջապես չեն իրականանում, ժամանակի ընթացքում անպայման իրականություն են դառնում։ Շնորհակալական ելույթում Շերը նշել է, որ դեռ հինգ տարեկանում գիտեր՝ ինչ է ցանկանում դառնալ, ապա անդրադարձել է իր տասնամյակներ տևած կարիերայի կարևոր փուլերին։