Էրիկ Միրզոյանը Մոսկվայում ներկայացրել է իր դեբյուտային «Reflections» ալբոմը
09 Հոկտեմբերի 2025, 17:48
Մոսկվայի Համառուսաստանյան թավջութակի ակադեմիայի կամերային դահլիճում տեղի է ունեցել Էրիկ Միրզոյանի դեբյուտային «Reflections» ալբոմի շնորհանդեսը։ Երաժիշտը, որը սովորում է Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում և Բեռլինի Բարենբոյմ-Սաիդի ակադեմիայում, իր առաջին մենանախագիծը նվիրել է դուդուկին՝ գործիքի, որը հատուկ տեղ ունի նրա ստեղծագործության մեջ։
«Reflections» ալբոմն արդեն ներառվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության լոնգ-լիստում՝ «Best Global Music Album» և «Best Folk Album» անվանակարգերում: Համերգի շրջանակներում հնչել են սկավառակի կոմպոզիցիաները, իսկ Միրզոյանը պատմել է դրա ստեղծման գործընթացի, երգացանկի ընտրության և երաժշտության մեջ ներդրված անձնական ապրումների մասին։
«Այս ալբոմը հիշողության, ժառանգության և զգացմունքների մասին մտորում է, որոնք ձևավորում են մեզ։ Դուդուկի ձայնը ունկնդրին տանում է անձնական ճանապարհորդության, որտեղ սուգը միահյուսվում է ապաքինմանը»,- կիսվել է արտիստը: