Երիտասարդական ակումբների ալյանսը Ստեփանակերտում փոխանակման շուկա՝ սվոփմարկետ է կազմակերպել

23 Օգոստոսի 2023, 21:10

Հայեր

Օգոստոսի 19-ին Երիտասարդական ակումբների ալյանսի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է փոխանակման շուկա (սվոփմարկետ)։ «Արցախթերթի» հետ զրույցում կազմակերպիչները նշել են՝ նպատակը միմյանց մասին հոգ տանելն է.

«Այսօր Արցախում կանխիկ փողը շատ չեն օգտագործում, հիմնականում փոխանակում են միմյանց անհրաժեշտ ապրանքները։ Երևանի մեր թիմակիցներն առաջարկել են փոխանակման շուկա կազմակերպել և որոշել ենք այն իրականություն դարձնել։ Այնպիսի տարածք ենք ընտրել, որ հասանելի լինի շատերի համար։

Հետագայում մտածում ենք այլ ապրանքներով փոխանակումներ կազմակերպել՝ մանկական շորեր, գրենական պիտույքներ։ Միջոցառումը ոչ միայն իրերի փոխանակում է, այլ նաև հնարավորություն՝ ոգեշնչվելու և ոգեշնչելու ուրիշներին՝ հոգ տանել միմյանց»,- ասել է կազմակերպիչներից Գայանե Սարգսյանը։

Կազմակերպիչները մտադիր են ծրագիրը շարունակական դարձնել։ Փոխանակման շուկային մասնակցելու համար պետք է բերել երեք իր, որոնք այլևս չեն օգտագործվում, բայց գտնվում են բարվոք վիճակում: