Երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը, հատկապես՝ հիմա. Ֆրենկ Փալոն

19 Օգոստոսի 2023, 10:40

Քաղաքականություն

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շարունակում է դեմ արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը` նկատի ունենալով Արցախի հայության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները: Այս մասին նա գրել է X-ի (նախկին Twitter) էջում։

«Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը, հատկապես՝ հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքները և բազմաթիվ ոտնձգություններ կատարել Արցախի հայերի իրավունքների դեմ: Մենք պետք է պահպանենք մեր արժեքները և ավելի կոշտ լինենք, եթե Կովկասում խաղաղություն ապահովելու հույս ունենք»,-նշել է կոնգրեսականը։

Վերջինս իր գրառմանը կցել է «Պոլիտիկո» թերթի հրապարակած հոդվածը, որում նշվում է՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնհայտորեն չի շտապում վերսկսելու Ադրբեջանին ռազմական օգնություն մատակարարելու ծրագիրը։ Նշվում է, որ պատճառն Արցախում Ադրբեջանի կողմից ցեղային զտման սպառնալիքն է: