Երկաթուղու ճանապարհը կօգտագործվի թուրքական և ադրբեջանական շահերը առաջ տանելու նպատակով. Աբաջյան

07 Հունիսի 2023, 15:10

Առաջին հերթին | Կարծիք

2001-2002թթ. Մեծ Բրիտանիայում արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աբաջյանի կարծիքով՝ կարեւորն այն չէ, թե ինչ կարգավիճակ կունենա Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության ճանապարհը, այլ կարեւորն այն է, թե ով եւ ինչպես է վերահսկելու այդ ճանապարհը:

«Չկա՞ այն վտանգը, որ Հայաստանի միջով անցնող ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանը Թուրքիային, չի օգտագործվի Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերը իրականացնելու նպատակով: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, այդ ճանապարհը պետք է վերահսկեն ռուս սահմանապահ ուժերը:

Ընդունենք, որ դրանք ռուս սահմանապահները չեն, այլ հայերն են, այստեղ հարցը վերահսկողությունն ապահովելն է, որի վերաբերյալ երաշխիքներ չկան:

Հայաստանի համար Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը տեսականորեն կարող է օգտակար լինել, բայց ելնելով ներկա իրավիճակից եւ նշված հանգամանքներից, կարծում եմ՝ այդ ճանապարհը կօգտագործվի թուրքական եւ ադրբեջանական ռազմավարական շահերը առաջ տանելու նպատակով, ինչը խիստ մտահոգիչ է»,- Alpha News-ի եթերում ասել է Վահրամ Աբաջյանը:

Դեսպանի խոսքով՝ ռուսական կողմը շահագրգռված է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկմամբ, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իր հարաբերությունները կզարգանան:

«Ռուսաստանը կկարողանա իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա: Ինչքան էլ, որ մեզ անհավանական է թվում, բայց Ռուսաստանում մտածում են, որ հնարավոր է Թուրքիային անջատել ՆԱՏՕ-ից»,- ասաց Վահրամ Աբաջյանը:

Անդրադառնալով երկաթուղու հարցում Իրանի դիրքորոշմանը, դեսպանը շեշտեց, եթե Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության ճանապարհը ծառայի Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմավարական շահերին, ապա դա կարող է վտանգավոր լինել Իրանի համար:09:53