Երկիրը բոլորի համար տարանցիկ տարածք դարձնելով՝ հնարավոր չէ ապահովել անվտանգությունը․ Արարատ Կոստանյան

10 Հոկտեմբերի 2025, 23:00

Քաղաքականություն

Աշխարհում չկա մի երկիր կամ ժողովուրդ, որը չցանկանա խաղաղություն։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է միջազգայնագետ-արևելագետ Արարատ Կոստանյանը։

«Միաժամանակ, կա մի մտայնություն, ըստ որի՝ եթե դուք համաձայն չեք «խաղաղության քարտեզին» կամ «խաչմերուկին», ապա պատերազմ եք ցանկանում։ Սա բոլորովին այդպես չէ։ Յուրաքանչյուր պետություն՝ փոքր թե մեծ, առաջին հերթին պետք է մտածի իր անվտանգության մասին։ Անվտանգությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ ռազմական, տնտեսական և, ներկայիս աշխարհում, նաև մշակութային-քաղաքակրթական»,- ասել է Կոստանյանը։

Նրա խոսքով՝ նախ պետք է ապահովել երկրի անվտանգությունը, հետո միայն խոսել խաղաղություն ունենալու ցանկության մասին։ «Խաղաղության ձգտումը չի նշանակում, որ պետք է անլուրջ վերաբերվել անվտանգության մեխանիզմներին»,- ընդգծել է միջազգայնագետը։

Կոստանյանը նշել է, որ հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը՝ երկիրը բոլորի համար տարանցիկ տարածք դարձնելով․ «Միջազգային հումանիտար գիտաժողովներում կամ ՄԱԿ-ի նվիրված հարթակներում նմանատիպ խոսույթը կարող է որոշակի ազդեցություն ունենալ, սակայն պետությունների համար կենսական հարթակներում, որտեղ որոշվում է աշխարհի ապագան, միայն «խաղաղության խաչմերուկի» մասին խոսելը լուրջ չէ՝ առանց նշելու այս տարածաշրջանում վտանգները և Հայաստանի դերը՝ որպես գործոն և պետություն»։

Մանրամասները տեսանյութում։

Հիմա եթերում