Երկու աթոռների վրա նստելը հակաարդյունավետ է. Ֆրանց Կլինցևիչը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մասին
25 Նոյեմբերի 2023, 09:55
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի հնարավոր կնքումը և զգուշացրել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը Ռուսաստանի նկատմամբ չմտածված քայլերի մասին։
«Ւմ կարծիքով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարության մշուշոտ, բացարձակապես անսկզբունքային, բազմավեկտոր քաղաքականությունը տանելու է նրան, որ Հայաստանը չի ստորագրի համաձայնագիրը, որովհետև ամերիկացիները դա թույլ չեն տա։ Եվ այդպիսով նա կարող է կորցնել իր սուբյեկտիվությունը։ Ես՝ որպես երկար կյանք ապրած, բազմաթիվ պատերազմներ տեսած մարդ, ձեզ զգուշացնում եմ, այն, ինչ այսօր կատարվում է մեր պայմանավորվածությունների ու հարաբերությունների շրջանակներում, ինձ համար անհասկանալի է։
Ես չեմ կարող գնահատական տալ Հայաստանի ղեկավարությանը, կա այլ գիտակցություն, այլ մոտեցումներ, բայց կիրքը ամերիկյան հովանավորության նկատմամբ, ինչպես ցույց տվեց պրակտիկան, շատ ողբալի կլինի ժողովրդի համար։ Ուկրաինան կորցրել է իր սուբյեկտիվությունը և մոտ ապագայում, վախենում եմ, որ ընդհանրապես կկորցնի իր պետական ներկայացուցչությունը միջազգային կազմակերպություններում և կկորցնի իրեն՝ որպես երկիր։
Նույնը կարող է վտանգված լինել Հայաստանի համար, ընդ որում՝ ոչ այնքան բարեկեցիկ միջավայրում, որում այսօր հայտնվել է Հայաստանը։
Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել իմ վերաբերմունքը: Ես չեմ հասկանում, թե այս պայմաններում ինչի է փորձում հասնել Հայաստանի ղեկավարությունը։ Երկու աթոռի վրա նստած, նախընտրելով ամերիկյանը և սիմուլյացիա անելով, որ մենք Ռուսաստանի հետ ենք, մենք ՀԱՊԿ-ի հետ ենք, բայց դա չի ստացվի։ Սա հակաարդյունավետ է, քաղաքականապես ոչ կոռեկտ, ռազմավարական առումով սխալ, և դա դավաճանություն է մեր պատմական հարաբերություններին, մեր բարեկամությանը և այն լուրջ աջակցությանը, որը Ռուսաստանը դարեր շարունակ ցուցաբերել է Ռուսաստանում սիրելի և հարգված հայ ժողովրդին»,- ընդգծել է Կլինցևիչը։