Երկու օր կղողանջեն Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն շրջափակված արցախցիների
24 Հուլիսի 2023, 08:29
Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 12:00-ից կղողանջեն Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն շրջափակված արցախցիների։ Այս մասին տեղեկացնում է իրանագետ Տիգրան Դավուդյանը։
«Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ողջունելի նախաձեռնությունը։ Վաղը և մյուս օրը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր֊եղբայրների։ Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար»։
Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: