Երկրի զարգացումը տեսնում ենք հզոր տնտեսություն ունենալու մեջ․ Հայկ Ֆարմանյան
18 Հոկտեմբերի 2025, 18:34
Մենք պետք է փառք տանք Աստծուն, որ ունենք Սամվել Կարապետյան ազգային բարերար և նրա նման ազգի զավակներ։ Այս մասին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքում հայտարարել է տնտեսագիտության թեկնածու Հայկ Ֆարմանյանը։
«Ժամանակակից աշխարհում, ինչպես ցույց է տալիս փորձը, կապիտալը հոսում է հիմնականում հարուստ երկրներ, իսկ բոլոր մնացած երկրները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը, նախ և առաջ կարող են հույսը դնել ներքին ներդրումների վրա, և այստեղ է, որ մենք պետք է փառք տանք Աստծուն, որ ունենք Սամվել Կարապետյան ազգային բարերար և նրա նման ազգի զավակներ»,- նշել է նա։
Ֆարմանյանի խոսքով՝ նորմալ երկրներում նման մարդկանց պահում, փայփայում են աչքի լույսի նման, բայց թե ինչ է կատարվում մեր երկրում, տեսնում են բոլորը։
«Հարգելի հայրենակիցներ, ի տարբերություն շատ քաղաքական միավորների, տարբեր շարժումների, մենք ունենք մեկ հիմնական առավելություն՝ մենք չենք հայհոյում, չենք տարածում ատելություն, մենք չենք խոսում ուրիշի արած կամ չարածի մասին։ Մեր հիմնական առաքելությունն այն է, թե ինչ ենք մենք անելու, ինչպես ենք մենք տեսնում երկրի զարգացումը, իսկ երկրի զարգացումը մենք տեսնում ենք հզոր տնտեսություն ունենալու մեջ»,- ընդգծել է նա։