Երկրների միջև անջրպետն անխուսափելի է. Անդրեյ Նիկուլին

Քաղաքագետ Անդրեյ Նիկուլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Երևանի դիրքորոշումը կարող է հանգեցնել ՌԴ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների վերանայման:

«Դա վաղուց է սկսվել, և Լավրովն ուղղակի արձանագրում է իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ, ցավոք, շատ մեծ հավանականությամբ, երկրների միջև անջրպետն անխուսափելի է։

Ուստի ավելի լավ է նախապես պատրաստվել վատագույն տարբերակին և նկատի ունենալ, որ Հայաստանի տեղաշարժը դեպի Արևմուտք, հատկապես Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տխուր արձագանքից հետո, անխուսափելի էր։ Բայց անխուսափելի են նաև Ռուսաստանի կողմից կոշտ արձագանքները։ Հայաստանին հիմա պահում է միայն այն ըմբռնումը, որ տնտեսական ռիսկերը շատ ավելի մեծ են լինելու, այսինքն՝ վնասը մեծ է լինելու։ Անմիջապես բակտերիաներ կհայտնվեն գյուղատնտեսական արտադրանքներում, գուցե փակվեն կամ սահմանափակվեն տրանսպորտային հաղորդակցությունները, ֆինանսական փոխանցումները, ավիափոխադրումները։ Կարող են առաջանալ ինչ-որ վիզային խնդիրներ, ամեն ինչ հնարավոր է։ Եվ այս ամենը հասկանալը միակ բանն է, որ հիմա հետ է պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջնական քայլեր անելուց։

Մյուս կողմից, մենք նաև տեսնում ենք, որ իրավիճակը, միևնույն է, ընթանում է իր տրամաբանությամբ և գնալով վատթարանում է, վաղ թե ուշ նման բան տեղի կունենա պարզապես Կրեմլի արձագանքի հռետորաբանությամբ, որն արդեն ցուցադրվում է»,-ասել է Նիկուլինը։