Երկրում ամեն ինչ խառնել են իրար ու ուզում են՝ մենք հնազանդ ասենք՝ ճիշտ է, ինչ անում եք․ Բագրատ Սրբազան

30 Ապրիլի 2024, 22:15

Քաղաքականություն

Հայաստանի տարբեր վայրերից Կիրանց են գալիս տասնյակ մարդիկ և իրենց աջակցությունը հայտնում Տավուշի մեր հայրենակիցներին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այսօր մեզ են միացել մեր նահատակված հերոսների ծնողները։ Մեր հայրենակիցների հոսքը չի դադարում, նրանք գալիս են և իրենց զորակցությունն են հայտնում։ Լուրեր են տարածվում, որ իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել ոստիկանական զորքերի միջոցով, բայց դրանք չհաստատված լուրեր են»,- ասաց թեմի առաջնորդը։

Սրբազանի խոսքով՝ սահմանազատման ամբողջ գործընթացը հիմնված է ստի և կեզծիքի վրա։

«Այս ամբողջ գործընթացի մեջ տարբեր մակարդակների հարցեր կան։ Մենք միշտ պնդել ենք, որ այս միակողմանի զիջումների գործընթացը չի կարող տեղի ունենալ։ Եթե պետք է սահմանազատում և սահմանագծում լինի, ուրեմն պետք է լինի ամբողջական։ Չեն կարող ուղղակի տարածքի մի մասը զիջել թշնամուն, այն էլ առանց երաշխիքների։ Դա էլ ես չեմ ասում, երկրի ղեկավարն է ասում։ Նա մարդկանց հետ զրույցում ասել է՝ թե՛ հանձնելու, թե՛ չհանձնելու դեպքում երաշխիքներ չկան, որ պատերազմ չի լինի։ Տարօրինակն այն է, որ ոչ թե թշնամական երկրի ղեկավարն է սպառնում պատերազմով, այլ սեփական երկրի ղեկավարն իր ժողովրդին։ Սա չլսված բան է։ Երկրում ամեն ինչ խառնել են իրար ու ուզում են մենք հնազանդ ասենք՝ ճիշտ է, ինչ անում եք։

Այս ամբողջ գործընթացը բարդվել է գյուղացիների վրա։ Եվ ստացվում է՝ այս մարդիկ ինչ էլ անեն, ինչ վարքագիծ էլ դրսևորեն, մեկ է՝ վերջում իրենք են մեղավոր դուրս գալու»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։