Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո ձերբակալված երկու հայերն ազատ են արձակվել

29 Դեկտեմբերի 2023, 17:16

Քաղաքականություն

Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո ձերբակալված երկու հայերն ազատ են արձակվել։  Նրանք դատարանի որոշմամբ արդարացվել են։

Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում էին գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Հրապարակած տեսանյութերից հստակ երևում է՝ ինչպես են զինված ու դիմակավորված անձինք հարձակվում ու հարվածներ հասցնում հայ համայնքի ներկայացուցիչներին և հայ հոգևորականներին։

Հարձակման հետևանքով հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր: Հարձակման ենթարկված հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման էին ենթարկվել։ Ոստիկանություն էին տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ: