Երուսաղեմի հայկական թաղամասում անընդհատ միջադեպեր են տեղի ունենում. հարձակման ենթարկված ռեստորանի մենեջեր
18 Հուլիսի 2024, 21:32
Երուսաղեմի հայկական թաղամասում հայերի վրա հարձակումները սովորական են դարձել, դրանք անընդհատ ինում են: Այս մասին Alpha News-ին ասել է «Հայկական պանդոկ» ռեստորանի մենեջեր Մարկ Ասլանյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին երկու իսրայելցի կրոնական ծայրահեղականներ ներխուժել էին Ասլանյանների ընտանիքին պատկանող «Հայկական պանդոկ» ռեստորան, բարձր երաժշտություն միացրել, իսկ հետո վիրավորել են սեփականատերերի։ Ռեստորանում նրանք բղավել էին՝ «թող այս վայրն ամբողջությամբ այրվի»։ Ռեստորանից փախչելիս հարձակվողները վնասել են երկու հնաոճ աթոռ և կոտրել 2000 դոլար արժողությամբ ծաղկամանը, որից հետո ռեստորանի մենեջերը դիմել է ոստիկանություն։
«Երեկոյան ժամը 23։00-ի սահմաններում, երբ մենք փակում էինք ռեստորանը, և վերջին այցելուներն արդեն հեռանում էին, երկու կրոնական իջան աստիճաններով։ Դա տարօրինակ էր, քանի որ դա այն վայրը չէ, որտեղ գալիս են կրոնական մարդիկ:
Հենց նրանք իջան, ես հասկացա, որ որոշակի խնդիրներ են առաջանալու, քանի որ հայ համայնքում բազմիցս նման միջադեպեր են եղել հրեա կրոնասերների հետ։ Բարձր երաժշտություն են միացրել, ես նրանց խնդրել եմ դուրս գալ ռեստորանից, բայց նրանք սկսել են բարձր գոռալ, մեզ արաբ անվանել, վիրավորել ու հայտարարել, որ մեզ բոլորիս պետք է սպանել, իսկ ռեստորանն այրել», — ասել է նա։
Մարկ Ասլանյանի խոսքով՝ Երուսաղեմի հայերը նման բան հաճախ են լսում, և դա սովորական բան է դարձել։
«Նման միջադեպեր շատ հաճախ են լինում, քահանաներին վիրավորում են, եկեղեցիներից խաչեր, քրիստոնեական կամ հայկական դրոշներ են պոկում։ Նրանք նույնիսկ չգիտեն հայերի ու արաբների տարբերությունը։ Նրանց համար բոլոր նրանք, ովքեր հրեա չեն, արաբ են»,- ընդգծել է Ասլանյանը։
Մենեջերը նշել է նաև, որ հեռանալիս ծայրահեղականները կոտրել են երկու հնաոճ աթոռ և թանկարժեք ծաղկաման։
«Առավոտյան գնացի ոստիկանություն և նրանց տեսագրությունը տվեցի։ Հիմա մենք սպասում ենք… Հուսով եմ, որ ոստիկանությունը կօգնի մեզ, չնայած ես իրականում չեմ հավատում դրան։ Այս ամենը ծիծաղելի է, քանի որ ոստիկանական կետը գտնվում է հայկական թաղամասից ընդամենը տասը մետր հեռավորության վրա»,- եզրափակել է Ասլանյանը։