Երուսաղեմի հայկական վանքն ապահով է, բայց պատերազմի ձայները մշտապես լսելի են». Կիրակոսյան

Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է։ Այնուամենայնիվ, պատերազմի ձայները մշտապես լսելի են, ուստի համայնքում կա մտահոգություն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի Հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիկ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Երուսաղեմի հայկական թաղամասի վանքային համալիրը ներկայում անվտանգ է։

«Ամենամոտ հարվածը, որ հասցրել է Իրանի հրթիռը, մեքենայով 10 րոպե հեռավորության վրա է։ Մինչ այդ արձանագրվել է ևս երկու հարված՝ մեկը մոտ 20 րոպե, մյուսը՝ 10 րոպե հեռավորության վրա։ Սակայն մեր թաղամասը չի թիրախավորվել»,– նշել է նա։

Կիրակոսյանի փոխանցմամբ՝ տարածքում մշտապես լսվում են ուժեղ պայթյունների ձայներ և օդային տագնապի ազդանշաններ։

«Պատերազմական գործողությունների ձայները շատ հստակ լսվում են և, բնականաբար, ունեն հոգեբանական ազդեցություն մարդկանց վրա։ Ժողովուրդը մի փոքր խանգարված է ընդհանուր պատերազմական մթնոլորտից»,- ասել է նա։

Համայնքի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ հայկական թաղամասում ապաստարաններ չկան, և բնակիչները հիմնականում մնում են իրենց տներում կամ վանքում։

«Մենք գտնվում ենք վանքի տարածքում և մեզ ապահով ենք զգում։ Փախչելու կամ տեղափոխվելու այլ տեղ չունենք։ Երբեմն անգամ աղոթքի պահին լսվում են այդ ձայները»,- նշել է Բեդիկ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ վախը մշտապես առկա է, սակայն համայնքը շարունակում է հնարավորության սահմաններում պահպանել բնականոն կյանքը։

«Անշուշտ, վախ կա։ Միշտ մնում է մտահոգությունը, որ կարող է ինչ-որ բան պատահել։ Բայց այս պահին մենք այստեղ ենք և փորձում ենք պահպանել հանգստություն»,- եզրափակել է Երուսաղեմի Հայ համայնքի ներկայացուցիչը։