Երուսաղեմի «Կովերի այգի» տարածքը ներկայումս ամբողջովին հայ համայնքի վերահսկողության տակ է. Սեդրակ Պալյան
26 Դեկտեմբերի 2024, 22:00
2025-ի սեպտեմբերին «Կովերի այգու» հարցը կքննվի դատարանում: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Save the ARQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանը։
««Կովերի այգու» հարցի վերաբերյալ դատական հայցեր կան հարուցված: Գիտենք նաև, թե առաջին դատական նիստը երբ է լինելու: Այն տեղի կունենա 2025թ-ի սեպտեմբերին: Խոսքը համայնքի ներկայացրած հայցի մասին է: Պատրիարքարանի հայցի հետ կապված առաջընթաց չունենք, բայց շարունակվում են բանակցությունները, որ արդյունքի հասնենք: Կարող եմ ասել, որ տարին ամփոփում ենք քիչ թե շատ լավ դիրքերով: Որոշ ժամանակ առաջ ավելի բարդ իրավիճակում էինք, բռնի, ագրեսիվ հարձակման ենթարկվեց հայ համայնքը, սակայն այս պահի դրությամբ տարածքն ամբողջովին մեր վերահսկողության տակ է, իսկ դատական գործընթացները շարունակվում են»,- նշել է Պալյանը:
Նա իր խոսքում ընդգծում է՝ լավ են տրամադրված, քանի որ վստահ են, որ օրենքով ճիշտ են, և այն իրենց է պաշտպանելու:
«Արդեն հայտնի է, թե ով է դատավորը: Մեր փաստաբանները մեզ վստահեցրել են, որ նա լավ դատավոր է, հայցերը մանրամասն ուսումնասիրում և վերլուծում է, իսկ որոշումներ կայացնում է առկա փաստերի և հիմքերի հիման վրա: Համենայն դեպս լավ ենք տրամադրված, և հույս ունենք, որ իրավական հարթակում հաղթելու ենք: Մենք վստահ ենք, որ օրենքով ճիշտ ենք, և այն մեզ է պաշտպանելու: Մենք փոքր, բայց լավ, խելացի և ուժեղ համայնք ենք: Եվ հատկապես վերջին խնդիրներն ու մարտահրավերները ապացուցեցին դա: Եվ բոլոր երուսաղեմցիներն ու Սուրբ երկրի քրիստոնյաները զարմացած և հիացած են, որ նման հայ երիտասարդները պայքարում են իրենց հողի ու իրավունքների համար»,- եզրափակել է Պալյանը: