Երուսաղեմում Հայոց պատրիարքարանին պատկանող կալվածքի ասֆալտը հրեաները քանդել են. մանրամասնում է հայ համայնքի ներկայացուցիչը
06 Նոյեմբերի 2023, 23:00
Իսրայելում Հայոց պատրիարքարանին պատկանող հողը կռվախնձորի պատճառ է դարձել: Պատրիարքարանից օրեր առաջ հայտնել էին, որ միակողմանի չեղարկել են հողատարածքը վարձակալության տալու համաձայնագիրը, ինչը դժգոհություններ է առաջացրել հողը վարձակալած ընկերության ղեկավարության եւ հրեա ծայրահեղականների մոտ:
Նախօրեին մի խումբ իսրայելցիներ զենքով եւ շներով ժամանել են Հայոց պատրիարքարանին պատկանող հողատարածք եւ հայ համայնքի ներկայացուցիչներից պահանջել լքել այդ տարածքը: Հակառակ հրեա ծայրահեղականների՝ հայերը շարունակել են մնալ իրենց պատկանող հողում: Այդտեղ են եկել նաեւ Հայոց պատրիարքն ու այլ հոգեւորականներ: Իրավիճակը, սակայն, այնքան է լարվել, որ Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամաս են ժամանել նաեւ ոստիկանները:
Երեկվա տեղի ունեցած միջադեպից Alpha News-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ջերնազյանը: Նա պատմել է, որ համաձայնագիրը չեղարկելու մասին լուրը տարածելուց հետո՝ այդ տարածքը վարձակալած Ավստրալիայում գրանցված «Aurora Care» ընկերությունը փորձել է սկսել շինարարություն անել, քանդել օրինակ՝ «Կովերուն պարտեզ» կոչվող կալվածքի պարիսպը, ասֆալտը: Պարիսպը վնասել են չեն կարողացել, բայց ասֆալտից մի հատված հասցրել են քանդել:
Հարկ է նշել, որ Հայոց պատրիարքարանին պատկանող հողատարածքը վարձակալության էր տրվել 2021թ.-ի հուլիսի 8-ին կնքված համաձայնագրով: Այս երկու տարիների ընթացքում Հակոբ Ջերնազյանի խոսքով՝ վարձակալած ընկերությունը այդտեղ շինաշխատանքներ չէր արել: Միայն այս տարվա ապրիլից են մտել «Կովերուն պարտեզ» կոչվող կալվածքի տարածք եւ փորձել հսկողության տակ պահել դա:
Նախորդ տարիներին էլ հրեա ծայրահեղականները փորձել են հայերին վռնդել այդ տարածքից, բայց լուրջ միջադեպեր չեն եղել՝ ըստ Հակոբ Ջերնազյանի: Այս անգամ, սակայն, հրեաները զինված են եղել, բարեբախտաբար, որեւէ մեկը չի տուժել միջադեպի ժամանակ: Հայ համայնքի ներկայացուցիչները հիմա էլ շարունակում են մնալ այդ հողատարածքում, վերահսկել այն: Հայոց պատրիարքարանը սպասում է հողատարածքը վարձակալած ընկերության գրավոր պատասխանին՝ գործարքը միակողմանի չեղարկելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում: