Ես բացարձակապես համոզված եմ, որ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը Արցախում գոյություն ունի․ Զատուլին
23 Սեպտեմբերի 2023, 14:15
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի ուղիղ եթերում ընդգծել է, որ մշտապես հանդես է եկել Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման օգտին:
«Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշմանը, ապա ուզում եմ ասել, որ այս ողջ պատմության ընթացքում ես հետևողականորեն և մշտապես հանդես եմ եկել Արցախիվհայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման օգտին։
Հենց այդ պատճառով ես դա համեմատում եմ Դոնբասի ինքնորոշման, Աբխազիայի, Հարավային Օսիայի ինքնորոշման հետ։ Ես 20 տարի փորձել եմ կապեր հաստատել այդ չճանաչված պետությունների միջև։ Իմ միջնորդությամբ Արցախի պատվիրակությունները մեկնել են Աբխազիա, հանդիպել աբխազական ղեկավարության հետ։ Դա եղել է մինչև Աբխազիայի ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից, այսինքն՝ մինչև 2008 թվականը։ Այնտեղ այցելել են Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը, նախագահ Բակո Սահակյանը», — ասել է Զատուլինը։
Նա համոզմունք է հայտնել, որ Արցախում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գոյություն ունի։
«Ավելին, ինձ վրա տպավորություն չեն թողնում այն բոլոր խոսակցությունները, թե աշխարհում երկու հայկական պետություն չի կարող լինել։ Սա կեղծ փաստարկ է, այդպիսի իրավունք գոյություն ունի և պետք է հարգել։ Վերջին տարիների այս բոլոր արդյունքները Հայաստանի ներկայիս կառավարության քաղաքականության հետեւանքներն են, որը, ըստ ամենայնի, ի սկզբանե իր նպատակներից մեկն էր համարում Արցախից ազատվելը:
Ինչու էր պետք ազատվել Արցախից։ Որովհետև, ինչպես իրենք էին կարծում, դա խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, որովհետև դա պատասխանում է հայ հասարակության մի մասի գաղտնի կամ բացահայտ տրամադրություններին։
Դե, օրինակ, Ռուսաստանից անաչառ դիտորդն ասում է, որ, այո, Հայաստանի բնակչության մի մասը կարծում է, որ վատ չէր լինի իր վրայից գցել Արցախին աջակցելու բեռը։ Հենց նրանք են Նիկոլ Փաշինյանի ընտրողները, որոնք նրան բերել են իշխանության», — ասել է ռուս պատգամավորը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանը հասկացրել էր դեռևս 2020 թվականին, երբ փորձում էր միջամտել պատերազմի ընթացքին և հասնել Փաշինյանի համաձայնությանը՝ դադարեցնել ռազմական գործողություններն այն պահին, երբ Շուշին դեռ մնում էր հայերի վերահսկողության տակ։
«Մենք էլ հասկանում ենք, թե ինչու էր դա կարևոր, որովհետև Շուշիի բերդը կախված է Ստեփանակերտի վրա։ Եվ իհարկե, ինքնին դժվար է պատկերացնել, որ Շուշին կարելի է ահա այսպիսի ապաշնորհ ձևով հանձնել հակառակորդին։ Գլխումս դեռ չի տեղավորվում։ Այլ կերպ, քան դավաճանությամբ, ես դա բացատրել չեմ կարող, քանի որ ոչ մի մարտ իրականում այնտեղ տեղի չի ունեցել, պարզապես քաղաքը հանձնվել է», — ամփոփել է Զատուլինը։