Ես չեմ ցանկանում ուկրաինական սցենարի կրկնություն Հայաստանում․ եվրապատգամավոր

27 Նոյեմբերի 2025, 23:50

Կարծիք | Քաղաքականություն

Եվրախորհրդարանի Կիպրոսի պատգամավոր Ֆիդիաս Պանայոտուն Alpha News-ի հետ զրույցում ասել է, որ չի ցանկանում Հայաստանում կրկնվի ուկրաինական սցենարը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է իսկապես դառնալ ԵՄ անդամ, Պանայոտուն ասել է, որ մի երկրում, որտեղ միաժամանակ ուժեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի ազդեցությունը, չափազանց կարևոր է զգույշ գործել ԵՄ-ի հետ հնարավոր մերձեցման հարցում:

Նշենք, որ հոկտեմբերի վերջին Եվրանեսթի նիստի շրջանակներում Հայաստանի խորհրդարանում, որտեղ պատգամավորն այցելել էր, նրան քննադատում էին այն արտահայտությունների համար, որ գուցե չարժե միջամտել Հայաստանում Ռուսաստանի ազդեցության ոլորտին, քանի որ դա կարող է վնասել երկրին:

«Առաջին հերթին դա ողբերգություն է այն առումով, թե ինչպես է աշխատում ժամանակակից աշխարհը։ Ինձ դուր չի գալիս այդ համակարգը, բայց պատմական փորձից ելնելով՝ խոշոր տերություններն ազդեցություն են ունենում փոքր երկրների վրա, և ուզենք, թե չուզենք, դա իրականություն է։ Օրինակ՝ ԱՄՆ-ը, լինելով հզոր տերություն, ճնշում է գործադրել այլ երկրների վրա և նախկինում մասնակցել է բազմաթիվ պատերազմների։

Այդ պատճառով ես կարծում եմ, որ Ռուսաստանը նման կերպ է գործում՝ որպես խոշոր տերություն։ Նման համակարգում մենք պետք է զգույշ լինենք, դիվանագիտորեն գործենք, հարգենք ուժերի առկա հաշվեկշիռները և խուսափենք այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել ռազմական բախման:

Հենց դա, իմ կարծիքով, տեղի ունեցավ Ուկրաինայի հետ։ Երբ մենք սկսեցինք ակտիվորեն ներգրավվել ուկրաինական գործերին և առաջ տանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գաղափարը, Ռուսաստանը դա ընդունեց որպես էքզիստենցիալ սպառնալիք։ Ինձ դա դուր չի գալիս, բայց սա է իրականությունը, և իմ կարծիքով հենց դա է դարձել պատերազմի պատճառներից մեկը։

Ես չեմ ուզում, որ նույն սցենարը կրկնվի Հայաստանում։ Երկրում այսօր միաժամանակ ուժեղ է Ռուսաստանի և Եվրոպայի ազդեցությունը, ուստի չափազանց կարևոր է զգույշ գործել ԵՄ-ի հետ հնարավոր մերձեցման հարցում և հաշվի առնել Ռուսաստանի դիրքորոշումը՝ հակամարտություն թույլ չտալու համար: Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը կրկնի Ուկրաինայի կամ Վրաստանի ճակատագիրը։

Այդ իսկ պատճառով ես հայտարարել եմ զգուշության անհրաժեշտության մասին։ Դրա համար ինձ անվանում էին «Պուտինի խամաճիկ», բայց ես ուղղակի ներկայացնում եմ իմ տեսակետը։ Ես նաև կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է ձգտի նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը եվրոպական պատմության մի մասն է և կարևոր դեր է խաղում մայրցամաքում։ Ինձ զարմացրեց, թե որքան ագրեսիվ էր գործընկերների արձագանքը, բայց ես դա հասկանում եմ, հատկապես հաշվի առնելով, որ նրանց մեջ շատ են ուկրաինացի ներկայացուցիչները։

Այսօր Ուկրաինան, ցավոք, պարտվում է մարտի դաշտում։ Դա տհաճ իրականություն է։ Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել բանակցային գործընթացը։ Որքան երկար ձգձգվի հակամարտությունը, այնքան ավելի վատ կարող են լինել խաղաղության համաձայնագրի պայմանները։ Հիմա, չնայած Եվրոպական խորհրդարանում այդ կարծիքի ոչ պոպուլյար լինելուն, բանակցությունների համար, թերևս, ամենահարմար պահն է, քանի որ Ռուսաստանն ուժեղացնում է իր դիրքերը», — ասել է եվրապատգամավորը։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե որքանով է իրատեսական Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու հեռանկարը այս պայմաններում, հաշվի առնելով, որ Ուկրաինան և Վրաստանը ԵՄ անդամներ չեն, ինչպես նաև որոնք են նրա գործընկերների նման դիրքորոշման պատճառները՝ հաշվի առնելով, որ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական ազդեցության մասին փաստարկը բավականին տարածված է միջազգային քաղաքականության մեջ: