Ես չեմ ճանաչում իմ ժողովրդին, չէի կարող երևակայել, որ այս վիճակում կհայտնվենք. Պետրոս Շուժունյան

18 Փետրվարի 2025, 21:30

Կարծիք

ԿԳՄՍՆ որոշման համաձայն՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այլևս չպետք է կոչվի ազգային, այն պետք է փոխարինել պետական բառով: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի հետ:

Նրա խոսքով՝ այն ամենն ինչ այսօր կատարվում է, Հայաստանի ծրագրված ապամոնտաժումն է:

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում 2018-ից մինչ այսօր, ամբողջովին անհասկանալի է: Ես երբեք չէի կարող մտածել, որ մեր երկիրը կարող է այս վիճակում լինել: Սա ամբողջ Հայաստանի ծրագրված ապամոնտաժումն է, ինչը ցավալի է: Եվ որքան ուշանա իշխանափոխության ծրագիրը, այնքան ավելի բարձր գին ենք վճարելու մեր գոյության համար: Այս իշխանությունը փորձում է վերացնել այն ամենն, ինչ ազգային է, և մեզ դարձնել ռոբոտների հավաքածու: Միակ բանը, որ կարող ենք անել, աղոթելն է, որ այս չարիքից ժամ առաջ ազատվենք: Ես չեմ ճանաչում իմ ժողովրդին ու չէի պատկերացնում, որ մի օր կհայտնվենք նման վիճակում: Բայց պետք չէ հուսահատվել, պետք է միավորվենք, մտքերն ու ուժերը ի մի բերենք, ու այս բարդ իրավիճակից դուրս գանք»,- ասել է Շուժունյանը:

Խոսելով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկա իրավիճակի մասին՝ կոմպոզիտորը նշել է.

«2015-16 թթ-ին, երբ Կոնստանտին Օրբելյանը սկսեց աշխատել օպերային թատրոնում, պատմական փոփոխություններ տեղի ունեցան: Թեև մի քանի տարի անց ղեկավարություն փոխվեց, բայց այսօր էլ պետք է ընդգծել, որ մեր օպերան լայնածավալ աշխատանք է տանում: Եվ այս ամենի հետ մեկտեղ, ըստ իս, կան բաց կետեր, որոնք կարևոր են: Հիմնականում դրանք արտերկրի հետ ունեցած գործարքներն են, պետք է ավելի ընդլայնվի մեր օպերային դաշտի ներկայությունը միջազգային ասպարեզում: Պետք է ընդունել, որ այսօր Հայաստանն ունի օպերային երգիչների բարձր մակարդակ, և այդ կադրերին պետք է օգտագործել օպերային հարթակներում մեզ էլ ավելի բարձրացնելու համար: Պետք է դրսում գտնվող օպերային գործող արտիստների հետ մշտական կապի մեջ լինել, կիսվել փորձով, հրավիրել բեմադրիչների, երաժշտական ղեկավարների, ինչն էլ կնպաստի մակարդակի բարձրացմանը»: