Ես եղել ու մնացել եմ այս պայքարի մեջ՝ հակառակ բոլոր չարախոսությունների. Բագրատ Սրբազան

02 Հոկտեմբերի 2024, 20:15

Քաղաքականություն

Ես եղել ու մնացել եմ այս պայքարի մեջ՝ հակառակ բոլոր զրկանքների, բամբասանքների, չարախոսությունների: Այս մասին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Սա պայքար է հանուն արդարության և ճշմարտության, ընդդեմ՝ անբարշտության ու ստի: Չենք մոռանալու, որ այս պայքարի բովադանակությունը հենց դրա մասին է՝ կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության, որի ակունքներում կանգնել եմ ես՝ բարձրագույն պատասխանատվությամբ, չեմ նստել ու սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պիտի գործի, վերլուծություններ չեմ արել ու այդպես ինքնաբավարարվել, չեմ քննադատել ուրիշներին, որոնք պայքարել են, ու վերջում որոշել՝ հիասթափված են, քաղաքականություն չեմ խաղացել ու քաղաքական գործիչ լինելու հավակնություն ստացել, ամենից փորձել քաղաքական դիվիդենտներ քաղել ու «մաքուր նկարագրով» մնալ՝ դառնալով իրադարձային գործիչ, ով սպասում է հարմար առիթի՝ ուրիշի հաշվին փորձել խցկվել ԱԺ ու այդպիսով ինքն իրեն արդարացնել՝ մի կողմ թողնելով ազգային նպատակներն ու շահերը: Ես եղել ու մնացել եմ այս պայքարի մեջ՝ հակառակ բոլոր զրկանքների, բամբասանքների, չարախոսությունների:

Կոչ եմ անում բոլոր քաղաքական ու այլ հավակնությոններ ունեցողներին՝ թոթափեք ձեր վրայից ամբարտավանության ու հավակնությունների այդ բեռը: Ինքներդ ձեզ՝ ձեր կաշկանդումներից ազատագրեք, դարձեք իրապես նկարագիր կրող, գործիչներ, ոչ թե գործիքներ: Մեր դիմաց ծանր իրադարձություններ են՝ դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման նոր պլանավորումներ:

Ես չեմ եկել ոչ արդարանալու, ոչ էլ ինքս ինձ արդարացնելու: Այս պայքարը շարունակվելու է, քանի չարիքը տիրում է մեր երկրին: Խնդիր էինք դրել արագորեն խնդիրների լուծման հասնել, դրանք այս կամ այն պատճառով չեն իրականացել, ոչ թե չեն ստացվել, այլ երկարաձգվել են: Որևէ կերպով չեմ երկնչում ասելու՝ այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ ու հետևողական»,- ասել է Բագրատ Սրբազանը:

Հիմա եթերում