Ես հուսախաբ եմ եղել Բայդենի կառավարության արածներից. Հարութ Սասունյան

25 Սեպտեմբերի 2023, 22:39

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ունի մեկ նպատակ՝ ո՛չ անկախությունն է, ո՛չ հայրենիքը, ո՛չ Արցախը։ Նա մեկ շահ ունի։ Դա իր աթոռի վրա մնալն է։

Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։

«Բոլորս գիտենք, թե Նիկոլն ինչ տեսակի անձ է, 5 տարի է՝ տեսնում ենք իր բոլոր ասածները, արած-չարածները, ինչ ասում է, հավատալու բան չէ։ Առավոտյան մի բան ասում է, երեկոյան հակառակն է խոսում։ Ինչի մասին էլ խոսի, ոչ մի օգուտ չունի։

Ինքը ունի մեկ նպատակ՝ ո՛չ անկախությունն է, ո՛չ հայրենիքը, ո՛չ Արցախը։ Ինքը մեկ շահ ունի՝ իր աթոռի վրա մնալն է։ Իր անձնական շահն է։ Անձնական շահից դուրս, ուրիշ ոչ մի նպատակ չունի Նիկոլ Փաշինյանը։ Որևէ սրբություն չթողեց։ Այս մարդը եղել է հայության ու Հայաստանի թշնամին»,- ասել է Հարութ Սասունյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը միշտ էլ սպասել է դրսից որևէ օգնության, բայց Հայաստանը չգիտի՝ որն է իր ազգային շահը․

«Մեր ժողովուրդը հազարավոր տարիներ սպասել է, որ դրսից մի փրկիչ գա՝ լինի Բայդեն, Մակրոն, Պուտին, թե պարսիկ։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ փրկիչը երբեք չի եկել մեզ փրկելու, հիմա էլ չի գալու։ Միակ բանը, որ պետք է անենք՝ մենք մեզ պետք է փրկենք։

Պետք չէ՛ վստահել Բայդենին, Մակրոնին, Պուտինին, ո՛չ մեկին․․․ Ամեն երկիր իր ազգային շահն է հետապնդում, մեր երկրիրն է, որ չգիտի՝ որն է իր ազգային շահը։ Ի՞նչ շահ է հետապնդում այսօրվա իշխանությունը»,- նշել է Սասունյանը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ խաղաղությունը, որի մասին խոսում է այսօրվա իշխանությունը, ստրուկի կարգավիճակ է ունենալու․

«Ես հուսախաբ եմ եղել Բայդենի կառավարության արածներից։ Այսքան ժամանակ է, որ հայ ժողովուրդը շատ ծար իրավիճակում է Արցախում և Հայաստանում, Բայդենը մեկ բառ չի ասել, մեկ կոպեկի օգնություն չի ուղարկել։ Ունենք աջակիցներ Կոնգրեսում, բայց դա մեզ չի օգնում, որովհետև դա իշխանությունը չէ։ Հիմա ուղարկում են մի նամակ, բայց որտեղ էին այս մարդիկ վերջին երեք տարում, երբ պետք էին։ Սպասվում էր, որ Արցախը հայաթափվի, նո՞ր։ Բայդենը նամակում շեշտում է, թե քաջալերում ենք ձեզ, որ խաղաղություն հաստատվի։ Դա խաղաղություն չէ, դա ստրուկի կարգավիճակ է»,- եզրափակել է Հարութ Սասունյանը։