Ես հող չեմ բերել Արցախից, ես հողի հետեւից գնալու եմ. Լուսինե Ղարախանյան

03 Նոյեմբերի 2023, 22:28

Քաղաքականություն

Ես հող չեմ բերել Արցախից, ես հողի հետեւից գնալու եմ Արցախ, տան բանալիներս էլ ինձ հետ եմ բերել։ Alpha Newsroom-ի եթերում քիչ առաջ ասաց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանը։

Ղարախանյանը կարծում է՝ Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից պետք է լինի արցախահայերին Հայաստանում պահելը, իսկ հետո արդեն Արցախը կրկին հայկական դարձնելը։

«Համահայկական օրակարգ պետք է ձեւավորվի, որտեղ Արցախը հայկական պահելը, արցախցիներին Հայաստանում պահելը կհամարվի առաջնահերթություն։ Քաղաքներում, թե գյուղերում՝ արցախցիներին այստեղ պետք է հանգրվան տալ։ Ի դեպ, Ռուսաստանի մեր ազդեցիկ հայերից մի քանիսը պատրաստ են ամեն ինչ անել, որ արցախահայերը չլքեն Հայաստանը։

Ինքս կապվում եմ արցախահայերի հետ, հորդորում նրանց մնալ այստեղ, ուժեղացնել Հայաստան աշխարհը ու հետո հավելում եմ, որ ֆինանսական օժանդակություն են նրանք ստանալու, որպեսզի այստեղ էլ զբաղվեն նրանով, ինչով զբաղվում էին զբաղվում։ Հիմա ես մտադիր եմ Արցախի «Լուսարար» թերթը վերահրատարակել, պահել նաեւ Արցախի հանրային հեռուստաընկերությունը, մեր բարբառը, մեր արժեքները, ավանդույթները։ Վկայությունների տեսքով արցախցիները պետք է պատմեն իրենց հետ տեղի ունեցածը։ Շատ պատմություններ կան, որով կարելի է ցնցել աշխարհը։ Ցավոք, չկա այնպիսի առաջնորդ, որը կասի՝ ժողովուրդ, մենք հետ ենք գնալու Արցախ, բայց այս պահին չէ։ Հիմա առաջնային փուլում անում ենք այլ գործողություններ, բայց մեր գերնպատակը հետ գնալն է։ Եվ իսկապես, մենք հետ ենք գանլու, ո՞վ է ասել, որ մենք մեր երկիրը թողնելու ենք շան բերանում»,- ասաց Լուսինե Ղարախանյանը։

ԿԳՄՍ նախկին նախարարը կարծում է նաեւ, որ պետք է պահպանվի Արցախի պետական համալսարանի կարգավիճակը։

«44-օրյա պատերազմից հետո, երբ ես զբաղեցնում էի նախարարի պաշտոնը, բացեցի Հադրութի միջնակարգ դպրոց, Հադրութի մանկապարտեզ եւ Հադրութի արվեստի դպրոց, որպեսզի Հադրութի բարբառային ենթամշակույթը պահպանվի։ Արցախի պետական համալսարանը սիմվոլիկա, ինտելեկտուալ մեծ ներուժ ունի իր մեջ։ Արցախյան շարժումն ի դեպ, իրենք են 1988-ին սկսել։ Կարծում եմ, որ կարելի է պահել համալսարանը, եթե մեծ ֆինանսական ռեսուրսներ չի պահանջում, բայց զգուշավորություն եմ նկատում այդ հարցում։ Արցախն այդպես էլ կմնա Հայաստանում, պետք է ամեն ինչ արվի, որ արցախցիները մնան Հայաստանում»,- ընդգծեց Լուսինե Ղարախանյանը։