Ես ինձ աշխարհի քաղաքացի եմ զգում, բայց հայրենիքն ինձ համար Հայաստանն է․ Սիմոն Աբգարյան

05 Մարտի 2024, 23:59

Հայեր

Մարտի 5-ը ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 62 տարեկան։

Սիմոն Աբգարյանը ծնվել է Ֆրանսիայում, հայկական ընտանիքում, սակայն երբ տղան 6 տարեկան էր, ծնողները որոշեցին տեղափոխվել Լիբանան: Սիմոնը հաճախել է Հայ Կաթողիկե դպրոց, որտեղ դասավանդել են ֆրանսերեն և հայերեն։ Ընտանիքը ցանկանում էր, որ որդին չկորցնի կապը պատմական հայրենիքի հետ։ Մոտ 6 տարի նրանք ապրել են Բեյրութում, քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո ընտանիքը բաժանվել է։ Հայրը մնացել է Լիբանանում, Սիմոնն ու մայրը վերադարձել են Ֆրանսիա, իսկ եղբայրը մեկնել է Ամերիկա։

Ի սկզբանե Աբգարյանը չէր ծրագրում իր կյանքը կապել կինոյի և թատրոնի հետ։ Ժամանակին ընդունվել է Ջերալդ Փափազյանի թատերախումբ, որտեղ խաղացել է 4 տարի։

Մինչ օրս նա խաղացել է մոտ 70 դեր։ Ի դեպ, շատ ֆիլմերում նրա անունը Սիմոն է:

Առավել հայտնի են նրա դերերը «Կազինո Ռոյալ», «Անջելիկա, հրեշտակների մարկիզուհի», ֆիլմերում։

Աբգարյանը տարբեր կերպարներ է խաղացել, բայց դերասանին ավելի հոգեհարազատ են այն դերերը, որոնցում արտացոլված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգությունը։ Դրանցից մեկը Գրիգորի դերն էր գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմում։

«Ես ինձ աշխարհի քաղաքացի եմ զգում, բայց հայրենիքն ինձ համար Հայաստանն է»,- բազմիցս խոստովանել է Աբգարյանը: