Ես մահից չեմ վախենում, ես երջանիկ եմ, որ ապրում եմ. Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկան

22 Մայիսի 2024, 13:00

Հայեր

Այսօր լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Շառլի իրական անուն-ազգանունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան է։ Նա ծնվել է 1922 թվականին Փարիզում՝ Վրաստանից Ֆրանսիա գաղթած Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ։ Նրա հայրը երգիչ էր, մայրը՝ դերասան։

Նրանց երեխաները մեծացել են՝ դառնալով բավականին ստեղծագործ անհատներ։ Ավագ դուստրը՝ Աիդան, վաղ տարիքից դաշնամուր է նվագել և մեծ հաջողություններ գրանցել, իսկ Շառլը 5 տարեկանում տիրապետել է ջութակին։ 1933 թվականին ծնողները որոշում են իրենց որդուն տանել թատերական դպրոց, քանի որ նա երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության հենց առաջին տարում էլ Շառլն առաջին անգամ բեմ է բարձրանում:

1940-ականների սկզբին Փարիզի գիշերային ակումբներից մեկում Շառլի համար ճակատագրական հանդիպում տեղի ունեցավ. նա ծանոթանում է երիտասարդ դաշնակահար և կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ։ Պիեռի հետ նրանք ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը (1943-1950) և սկսում են ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։

1946 թվականին Շառլի համար բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը։ Էդիթն այս դուետին աշխատանքի է հրավիրում Նյու-Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների։ «Ռոշ և Ազնավուր» դուետը փորձում է հաջողության հասնել Քվեբեկում, այնուհետև՝ Մոնրեալում։

Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ ճանաչում ունեին Կանադայում, Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա և Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչը նրան մեծ ճանաչում և հաջողություն է բերում։

Ազնավուրը ելույթ է ունեցել այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լայզա Մինելին, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Միրեյ Մաթյոն, Պատրիսիա Կաասը, Խուլիո Իգլեսիասը և այլք: Ազնավուրը CNN հեռուստաալիքի և «Time» ամսագրի վարկածով ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: Նա ստեղծել է մոտ 1300 երգ, խաղացել 60 ֆիլմում և վաճառել ավելի քան 200 միլիոն սկավառակ։

Շանսոնյեն երբեք չի մոռացել, որ հայ է։ 1988-ի Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը՝ օգնելու տուժած քաղաքացիներին: Իսկ 2008 թվականի վերջին նա դարձել է Հայաստանի քաղաքացի։

«Ես չեմ վախենում մահից, ես երջանիկ եմ ապրել, տեսնել, լսել, զգալ, վայելել շրջապատող աշխարհը: Ես կցանկանայի պարզապես մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Ես խնդրում եմ ինձ շնորհել ընդամենը ևս հազար տարի, պարզապես հետաքրքրությունից դրդված, որպեսզի տեսնեմ, թե ինչպիսին կլինի մեր աշխարհը երրորդ հազարամյակում»,- մի առիթով ասել է շանսոնյեն։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին կյանքի 95-րդ տարում մեծ հայը վախճանվեց Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը: Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը։ Իսկ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, լեգենդի կենդանության օրոք, բացվել է նրա անունը կրող տուն-թանգարանը։ Ազնավուրի անունով են կոչվել Երևանի և Գյումրիի հրապարակները։ Գյումրիում նաև կանգնեցվել է նրա արձանը։

Հիմա եթերում