Ես մեծ հաճույքով կվերադառնամ Արցախ, եթե Արցախը հայկական լինի. Արցախյան բռնագաղթ. վկայություններ #1
09 Հոկտեմբերի 2023, 22:00
«Ես մեծ հաճույքով կվերադառնամ Արցախ, եթե Արցախը հայկական լինի, համոզված եմ, որ մեծամասնությունն ինձ նման կվարվի»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է բռնի տեղահանված, Արցախի մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Ապրեսյանը:
71-ամյա Սլավա Ապրեսյանն իր երկու դուստրերի ընտանիքների հետ սեպտեմբերի 29-ին է Արցախից դուրս եկել ու 28 ժամ անց հասել Գորիս: Սլավա Ապրեսյանը նախընտրում է բռնագաղթի ճանապարհի մասին երկար չխոսել:
«Դաժան ու դժվար ճանապարհ էր, բայց ստիպված հաղթահարեցինք»,- կարճ նկարագրում է աչքի տեսածը:
Սլավա Ապրեսյանը սովորել է Բաքվի կոնսերվատորիայում: Շատ լավ է ճանաչում ադրբեջանցիներին, համոզված է՝ նրանց հետ համատեղ ապրել չի ստացվի:
«Ես 5 տարի Բաքվում եմ սովորել, շատ լավ գիտեմ նրանց: Խորհրդային միության ժամանակ ադրբեջանցիները թեպետ ցույց չէին տալիս իրենց ատելությունը հայ ազգի նկատմամբ, այնուամենայնիվ, այն նկատելի էր: Ես հնարավորություն ունեի մնալ Բաքվում, բայց չուզեցի, վերադարձա Ստեփանակերտ, շատ բաներ էի տեսել, նրանց հետ ապրելն անհամատեղելի էր, հնարավոր չէր: Ես շրջափակման ժամանակ ասում էի, եթե հանկարծ Արցախից դուրս գալու հոսք սկսվի, մենք պարտադիր պետք է դուրս գանք, հնարավոր չէր աղջիկ երեխաների հետ ապրել էդ վայրագների հետ»,- ասում է Սլավա Ապրեսյանը:
Գորիս հասնելուն պես Սլավա Ապրեսյանի ընտանիքը հասցրել է միայն հաշվառվել եւ ճանապարհը շարունակել Երեւան, որտեղ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Լիլիթ Մելիքյանը նրանց համար բնակարան է վարձել:
«Ես պետությունից ակնկալիք չունեմ, եթե իշխանություն լիներ, մենք հիմա մեր տներում կլինեինք»,- ասում է նա:
Սլավա Ապրեսյանը 20 տարի շարունակ ղեկավարել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթը, բազմաթիվ համերգներ ունեցել Ռուսաստանի խոշորագույն քաղաքներում, իսկ վերջին տարիներին նա զբաղեցրել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
44-օրյա պատերազմից հետո Սլավա Ապրեսյանն արցախցի երեխաների հետ համերգ է ունեցել Սոչիում, դա նրանց վերջին ելույթն էր Արցախի սահմաններից դուրս:
«Բլոկադայից հետո էն ջանքն ու եռանդը չկար, ինչ նախկինում էր, բայց աշխատում էինք, չէինք ուզում թողնել մեր հայրենիքը, ցավոք, չստացվեց»,- ասում է Սլավա Ապրեսյանն ու հիշում Արցախում անցկացրած վերջին օրերը:
«Դե մինչեւ սեպտեմբերի 19-ը՝ գազ ու լույս չունեիք, պատերազմից հետո նաեւ ջուր չունեցանք: Լսել էինք, որ ադրբեջանցիները սալյարկա են լցրել ջրի մեջ, վերջին օրերին ջրից սալյարկի հոտ էր գալիս: Հացի պակասություն կար, ով ալյուր ուներ, բաժանում էր մյուսներին, որ փայտի վառարանի վրա հաց թխեին»,- հիշում է Սլավա Ապրեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: