Ես ոչինչ չունեմ ասելու նրանց, ովքեր արցախցիներին Հայաստանում հյուր են համարում․ Սամվել Շահրամանյան

19 Սեպտեմբերի 2024, 11:00

Քաղաքականություն

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և Արցախի գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ՝ ի պատիվ Արցախի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված հերոսների:

Լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանն ասաց, որ այսօր իրենց հարգանքի տուրքն են մատուցել զոհերին, որոնք իրենց կյանքի գնով պաշատպանել են իրենց հայրենիքն ու ընտանիքները։

«Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ տասը ամիս շրջափակումից, այնուհետև չորս ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ։

Սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել։ Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել հայրենիքը։ Մեր հիշողություններում մշտապես կմնան այն նվիրյալների անունները, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից, խուսափել ավելի բարդ, մեզ համար ավելի ծանր հետևանքներից»,- ասաց նա։

Սամվել Շահրամանյանը նաև հավելեց․ «Մեծ ցավով եմ լսում նման արտահայատություններ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանի Հանրապետությունում, համարում են, որ Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է, իսկ ես մեծ կասկածներ ունեմ, որ այդպես են մտածում ՀՀ կառավարության բոլոր անդամները և այդպես է մտածում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Ես ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց»։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, 14 մարդ անհետ կորել է, ևս 64 քաղաքացի զոհվել է բռնի տեղահանման հետևանքով:

Հիմա եթերում